Չինական, աֆրիկյան, պերուական կաղամբ՝ հայաստանյան շուկայում
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, 2012-ին Հայաստան ներկրվել է 79.5 տոննա կաղամբ: Չինաստանից, Ռուսաստանից, Վրաստանից կաղամբն Հայաստան է բերվել հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, դեկտեմբեր ամիսներին:
Այս տեղեկատվությունը բավականին ուշագրավ է, քանի որ դրան նախորդող 2011-ի աշնանն ու ձմռան առաջին ամսում Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի հողագործները կանգնել էին մշակած կաղամբը իրացնելու անլուծելի թվացող խնդրի առաջ: Նրանց նույնիսկ չէր հաջողվում մթերքը վաճառել 20-30 դրամով: Իսկ դրանից մեկ-երկու ամիս անց՝ հունվար-փետրվարին, պարզվում է, Հայաստան կաղամբ ներմուծելու անհրաժեշտություն կա:
2013-ին հողագործների խոսքով, կաղամբի իրացման խնդիր չի եղել, քանի որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով բերքն այնքան էլ առատ չի եղել: Ծառայության տրամադրած տվյալներով, անցած տարվա ընթացքում 457 տոննա կաղամբ է ներկրվել Հարավային Աֆրիկայից, Թուրքիայից, Վրաստանից, Նիդերլանդներից, Իրանից ու Ռուսաստանից: Այս դեպքում էլ կաղամբ ներկրվել է հենց տարեսկզբից՝ հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, այնուհետև՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, դեկտեմբեր ամիսներին, երբ ենթադրվում է, որ առաջին եռամսյակում կաղամբի պաշար դեռ պետք է լիներ, իսկ վերջին եռամսյակում սածիլած կաղամբը պետք է որ հասած լիներ:
Ինչևէ: Ռեկորդը դեռ առջևում է:
Այս տարվա ՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել 2.946 տոննա կաղամբ: Այս անգամ աշխարհագրությունն էլ մի քիչ փոփոխված է՝ կաղամբը բերված է հարևաններ Իրանից, Թուրքիայից, Վրաստանից, ոչ հարևաններ Պերուից, Իտալիայից ու Նիդերլանդներից:
Նախորդող հրապարակումներ՝
Կաղամբի երկիր կաղամբ է ներմուծվում. «Գազը թանկ է, հոսանքը թանկ է»
Սպայկային» տուգանել են ներկրված կաղամբի մաքսային փաստաթղթերի համար