Անապահով ընտանիքի երեխան վարձի պատճառով դուրս է մնացել ԵՊՀ-ից. Բաց նամակ ԿԳ նախարարին
Աշտարակ քաղաքում ապրող անապահով ընտանիքից Մարիամ Սողոմոնյանը, ով Երևանի պետական համալսարանի ուսանող է, բայց դուրս է մնացել բուհից` վարձը վճարել չկարողանալու պաճառով, բաց նամակ է գրել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: 19-ամյա Մարիամ Սողոմոնյանի ընտանիքն ապրում է վագոն-տնակում: Փոքր եղբայրն առողջական խնդիրներ ունի: Մայրը նրան է խնամում, իսկ հայրը չունի հիմնական աշխատանք: Ընտանիքի միակ կայուն եկամուտը «Փարոս» համակարգից ստացված նպաստն է:
ԿԳ նախարարին ուղղված նամակում ասվում է. «Ես ուսանող եմ, արդեն՝ նախկին ուսանող: Մեկ տարի առաջ սեփական ուժերով՝ առանց լրացուցիչ պարապմունքների, ընդունվեցի Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետ՝ վճարովի բաժինը (քանի որ հանձնել էի մրցութային միայն մեկ առարկա): Սովորեցի երկու կիսամյակ, բայց՝ առաջին կուրսը չավարտեցի, քանի որ ընտանիքս ի վիճակի չէր մայիսին վճարել ուսմանս վարձը, որը կազմում է 300 հազար դրամ:
Ինձ լրացուցիչ ժամանակ տրամադրեցին, որ գոնե հունիսին վճարեմ, բայց՝ այդ ժամանակ էլ չկարողացա ու դուրս մնացի համալսարանից: Ես ուզում եմ շարունակել ուսումս: Միաժամանակ չեմ կարող սոցիալապես անապահով ընտանիքիցս պահանջել, որ իմ ուսման վարձը վճարեն:
Ես գիտեմ, որ մենք դրա հնարավորությունը չունենք ու գիտեմ նաև, որ դուք բազմիցս նշել եք՝ ոչ մի երեխա, ով ցանկանում է կրթություն ստանալ, չպիտի զրկվի դրա իրավունքից վարձի պատճառով: Կրթություն ստանալուց հետո ես ամեն բան կանեմ, որ ունենամ լավ աշխատանք ու ոտքի կանգնեցնեմ ընտանիքս, բայց հիմա ինձ օգնություն է պետք:
Քիմիայի ֆակուլտետում մրցույթն այնքան էլ մեծ չէ: Հեռուստացույցով տեսել եմ, որ այս տարի անգամ դիմորդների պակաս կա այդ ֆակուլտետ:
Պարոն նախարար, Ձեզ եմ դիմում խնդրանքով՝ հնարավորության դեպքում թույլ տալ ինձ սովորել պետ.պատվերի շրջանակներում: Ես պատրաստ եմ Ձեզ ներկայացնել մեր սոցիալական վիճակը հավաստող բոլոր փաստաթղթերը»,- ասված է Մարիամի` Panorama.am-ին փոխանցած նամակում:
Մարիամն իր հետ կապվելու համար թողել է հոր` Սարգիս Սողոմոնյանի հեռախոսահամարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա