Սիրիահայերին, կարիքավորներին, զոհվածների ընտանիքներին...Մայր Աթոռի նոր ծրագրերի և արվածի մասին
Մայր Աթոռի Սոցիալական ծառայության ծրագրերը նպատակաուղղված են հաստատուն հույսի և ամբողջական սիրո մեջ պահելու մեր հանրությանը, հառաջաքայլ արձանագրելու մեզանում և բարի օրինակի երաշխավորություն առ Աստված, առ գեղեցիկը, մնայունն ու անանցը: Այսպես է աշխատանքը բնութագրում Սոցիալական ծառայությունների տնօրեն Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը:
Ծառայությունն արդեն մի քանի ամիս է` գործում է: Բազմաթիվ ծրագրեր իրականացվել են, մի մասն ընթացքի մեջ է, նորերը` առջևում:
Panorama.am-ը զրուցել է Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի հետ:
-Հայր Իսահակ, խնդրում եմ ներկայացնել, թե ինչ սոցիալական ծրագրեր ունի Մայր Աթոռն այս պահին և ի՞նչ խմբերի են դրանք ուղղված:
-Նախևառաջ շնորհակալ եմ այս առիթի համար, քանի որ կարևոր է, որ մեր հայրենակիցները լավատեղյակ լինեն Մայր Եկեղեցու բազմազբաղ առօրեային ու բազմածալ մտահոգություններին. այնպես ինչպես որ օրինակ` մեր ընտանիքներում է ընդունված և ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն ունի իր իրավունքներն ու պարտականությունները, իր իմանալիքի սահմանը: Ահավասիկ այս մտայնությամբ էլ Մայր Աթոռը վերակոչել, վերաբացել է Սոցիալական ծառայությունների գրասենյակը, որը լայն առումով հավակնում է աջակցելու մեր ժողովրդին, գրեթե բոլոր մակարդակներով. հիվանդներ, վատառողջներ, զովհածների ընտանիքներ, միայնակ տարեցներ, բազմանդամ ընտանիքներ, անվճարունակ ուսանողներ, երեխաներ, որոնք ամենատարբեր պատճառներով զրկված են արժանավայել մանկություն ունենալու իրենց արդար իրավունքից, այլ խոսքով` ժողովրդի առավել անապահով խավը կամ ավելի ստույգ` անձինք, որոնք իրավունք ունեն երջանիկ լինելու, բայց և հավասարապես ունեն դժվարություններ ու դժբախտ կացություններ:
Բնականաբար, մեկ ծրագիր չէ, որ Եկեղեցին իրականացրել կամ իրականացնում է: Պարզապես հարկ է փոքր ինչ ավելի խորազգաց, ավելի ակնդետ լինել. սոցիալական դաշտը կամ առաքելությունը մեզանում մեր Եկեղեցու հանձնառության անբաժանելի մասն է` երեկ, այսօր ու հավիտյան. մաս առ մաս, թեմ առ թեմ այդ ծրագրերն իրականացվում են և իրականություն են դառնալու, որպես աստվածային ներկայության տեսանելի առհավատչյաներ: Այս ճանապարհին մեր հավատացյալից մեկ ակնկալություն ունենք. համբերել և հուսալ, քանի որ խնդիրները շատ են և մեկ անգամից պարզապես անկարելի է մեղմել ամենքի ակնկալությունն ու ազնիվ փափագը:
-Ովքե՞ր են շահառուներն ու հասարակությունը որքանո՞վ է տեղյակ ծրագրերին կամ հաղորդակից դրանց: Կթվարե՞ք մի քանի իրականացված և իրականացվելիք ծրագրեր:
-Շահառուն մեր հանրությունն է, մեր նմանն ու մեր կողքին ապրող մարդը: Անկեղծորեն լավատեղյակ չեմ, թե հասարակության որ շերտը որքանով է լավատեղյակ, բայց մեզ համար պատմականորեն ամրագրված մե’կ անփոփոխ ելակետ գոյություն ունի` մեր հավատացյալի ներգրավումը իր նմանի, իր տեսակի պահպանման և առաջընթացի մեջ, որի հիմնաքարը դեռևս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ է դրել, երկրորդ` խոսքից առավել, որ նույնքան կարևոր է, գործե’լ մեր կարողությանց սահմաններում ի նպաստ և ի պայծառություն ճշմարտության, լույսի ու լուսավորի, հայության և հայրենիքի զորացման, ի հաստատություն մեր Մայր Եկեղեցու, որ անշեջ հնոցն է ու չափիչ զարկերակը ամենքիս ամենուր, և հառիթ պիտի հորդորեմ բոլոր նրանց, ում կարողություններն ու նպատակադրությունները համերաշխորեն ներդաշնակվում են, բերել իրենց օգտակարությունն այս ոլորտում, քանի որ իրականության մեջ մենք ևս աջակիցների կարիք ունենք:
Հունվար ամսից սկսյալ ավելի քան քսան միլիոն ՀՀ դրամի դրամական օգնություն ու նվերներ են տրվել կարիքավոր ուսանողների, վատառողջների, բազմանդամ կարիքավոր ու ազատամարտիկների ընտանիքների: Մայր Աթոռի երիտասարդ միաբանների և «Մանանա» երիտասարդական ծրագրի համատեղ ջանքերով կատարվել են տնօրհնեքներ և բազմակի այցելություններ բազմանդամ կարիքավոր ընտանիքներ, որոնց ընթացքում աջակցություն է ցուցաբերվել երեխաներին:
Եկող շաբաթվանից սկսյալ Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ և գործակցաբար Պաշտպանության նախարարության հետ նախատեսում ենք 50 մլն. ՀՀ դրամ գումար է հատկացրել, մասնավորապես` 2004-2014 թթ.-ի ընթացքում թեմի տարածքից զորակոչված, սահմանամերձ գոտիներում զոհված զինվորների և Հայոց բանակում երկու և ավելի զինվոր ունեցող ընտանիքներին:
-Գիտենք, որ սիրիահայերին ուղղված ծրագրեր ևս ունի Մայր Աթոռը, դրանց մասին կխնդրեմ մանրամասնեք: Ի՞նչ օգնություն են ստանում, և ի՞նչ աշխատանքներ են տարվել մինչ օրս: Խնդրում եմ նաև առանձնացնել Սիրիայում մնացած հայերին ուղղված աջակցությունն ու Հայաստան եկածներինը:
-Կարող եմ վստահեցնել, որ մեզանում գոյավորվող բարերարությունների մի զգալի բաժինը նպատակաուղված է նախ հենց սիրիահայերի բարեկեցությանը: Եկեղեցին այս իմաստով բացառություն չէ: Փոքր ինչ դժվար է ամեն բան մտապահել, բայց ընթացս Մայր Աթոռի կողմից մեկ անգամ կես միլիոն և մեկ անգամ էլ հիսուն հազար ԱՄՆ դոլար Է փոխանցվել Սիրիայում ապրող հայերին:
Այս ամիս ևս նախատեսում ենք դրամ, հագուստ, գրենական ու կենցաղային պարագաներ բաշխել. այս դեպքում ևս մի զգալի մաս պատկանելու է սիրիահայերին. սակայն մեր որդեգրած սկզբունքի համաձայն` աջակցել նախևառաջ ամենից ավելի կարիքավորներին:
-Հայր Իսահակ, ինչ-որ բան կկամենաք ավելացնե՞լ:
- Ինչպես որ Տիրոջ Ավետարանն է պատգամում` Ոչ ոք ճրագը վառելուց հետո այն չի թաքցնի… Շատ պիտի ցանկանայի, որ մեզանում լա’վ ըմբռնեին այս խոսքերի իմաստը: Պիտի մաղթեի, որպեսզի մեզանում ավելիով նախ` լույսը վառելու և լույսի ետևից գնալու սովորությունը ձևավորվեր ամբողջականորեն և ապա նոր բարձրաձայնելու ավանդությունը: Մի խոսքով` անելիք շատ կա. դժբախտաբար շատ են այս կամ հիվանդությամբ տառապողները: Հաջորդիվ, կամոքն Աստծո, նպատակադրված ենք հնարավորինս շուտափույթ կերպով միջոցներ հայթայթել և նպատակաուղղել հատկապես այս ուղղությամբ: Չեմ թաքցնի, անկեղծ հույսեր կան: Հույս ունեմ հավասարապես, որ Սոցիալական բաժինն անկախ հիրավի առկա դժվարություններից, առաջագնաց ընթացքով հաջողելու է իր առաքելության առաքելավանդ ճանապարհին. հենց միայն այն պատճառով, որ Աստված ընդ մեզ է: Առիթից օգտվելով` ևս մեկ անգամ շնորհակալություն, առողջություն, սեր ու խաղաղություն եմ մաղթում մեր ժողովրդի բոլոր զավակներին, առաքելություն և հաջողում ստանձնածի մեջ: