Կազիմիրով. Բաքվում միայն գեղեցիկ խոսքերով են պայքարում
«Նեզավիսիմայա Գազետա»-ն տպագրել է ԵԱՀԿ ՄԽ-ում ՌԴ-ն ներկայացնող նախկին համանախագահ, ԼՂ հակամարտության կարգավորման Ռուսաստանի առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի հոդվածը «ԼՂ հակամարտությունում նոր ճակատ» վերնագրով:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Մայիսի 12-ին լրացավ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված ԼՂ հակամարտության զինադադարի 20 ամյակը: Տարբեր երկրներում այն նշել են տարբեր կերպ: Անգամ տոնել են Անգլիայում, որն ընդգրկված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում:
Պարտվելով 1991-94թթ. պատերազմը, պաշտոնական Բաքուն հակված չէ գնահատել այն, որ հազարավոր ադրբեջանցիներ ռազմաճակատում մահից փրկվել են: Նա ընդունել է մշտական հրադադարը, սակայն երբեմն հայտարարում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել, այլ ավարտվել է առաջին փուլը:
Իսկ զինադադարի 20 ամյակին զուգահեռ Բաքուն ներքին նոր ճակատ բացեց՝ երկրի ներսում սկսվել է հայտնի մարդկանց զտում, ովքեր ԼՂ հակամարտության հարցում նրա ուժային քաղաքականությունը 100%-ով հավանության չեն արժանացնում և նույնիսկ իրենց թույլ են տալիս «ժողովրդական դիվանագիտության» շրջանակներում մեղք գործել՝ անմիջական շփումներ իրականացնելով հայերի հետ, ովքեր նախագահի հավերժական թշնամիներն են:
Թուրքիայից արտաքսված ադրբեջանցի վերլուծաբան և լրագրող Ռաուֆ Միրկադիրովին իշխանությունները մեղադրեցին դավաճանության մեջ, անմիջապես դրանից հետո ձերբակալեցին Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն Արիֆ Յունուսին, ով «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրենն է:
Մայիսի 14-ին էլ Ադրբեջանը ստանձնեց ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը, այսինքն կես տարի այս կազմակերպությունում գլխավոր դերը պետք է ստանձնի: Այս խորհուրդը հաշվի չի առել այն, որ նրա հիմնական նպատակը մարդու իրավունքների պահպանումն է: Ինչպիսի՞ օրինակ պետք է լինի Բաքուն ԵԽ անդամների համար:
ԼՂ հակամարտությունում կողմերի դիրքորոշումների մեղմացումը, փոխզիջման որոնումը Բաքվի շահերից չի բխում: Ընդհակառակը, իր՝ «մարդասպան Սաֆարովին» հերոսացնելուն ուղղված քաղաքականության միջոցով նրան անհրաժեշտ է խզել այդ կապերը: Բաքվի քաղաքական վերնախավը միայն գեղեցիկ խոսքերով է պայքարում փոփոխությունների, ստատուս քվոյի հաղթահարման և հակամարտության կարգավորման համար, իսկ իրականում նրանք ամրապնդում են ստեղծված իրավիճակը: Թե ինչու են նրանք դա անում, դժվար չէ կռահել:
Իսկ ինչպե՞ս պետք է ողջամիտ մարդիկ գնահատեն Բաքվի «իրավապահների» արարքները՝ ձերբակալության հարցում մանդատի բացակայություն, խուզարկություններ, վիրավորանքներ և ցուցադրական նվաստացում, շարունակական սպառնալիքներ, բժշկական օգնության չտրամադրում, նույնիսկ Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքներ»: