Այսօրվա խորհուրդն է՝ «կանաչ», հեծանիվ՝ ավտոմեքենայի փոխարեն
Այսօր երկրագնդի բնակչությունը նշում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: ՀՀ բնապահպանության նախարարությունը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ մի շարք միջոցառումներ է իրականացնելու Հանրապետության տարբեր համայնքներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում:
Բնապահպանության նախարարության տեղեկացմամբ, Հայաստանի բնության պետական թանգարանում կցուցադրվեն «Բնության հրաշքներ», «Ձկան փշերի կոմպոզիցիա», «Բնապատկերներ բնական բրդից», «Մոմերի աշխարհ» խորագրերով ցուցահանդեսներ: Թանգարանի բակում կկազմակերպվի կավճանկարչության միջոցառում:
Ժամը 12:30-17:00-ն Երևանի կենդանաբանական այգում տեղի կունենա միջոցառում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, Երևանի կենդանաբանական այգու, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Միջոցառմանը կմասնակցեն բնապահպանության ոլորտում գործունեություն իրականացնող ակտիվ հասարակական և առևտրային կազմակերպությունները, ովքեր կներկայանան իրենց տաղավարներով: Օրվա խորհուրդը կլինի «կանաչ», պատասխանատու ապրելակերպի քարոզչությունը՝ վերականգնվող էներգետիկա, առողջ սնունդ, հեծանիվ՝ ավտոմեքենայի փոխարեն:
Շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող մրցույթներում կխաղարկվեն հեծանիվներ և «կանաչ» կենսակերպի մաս կազմող այլ նվերներ: Միջոցառմանը բնապահպանության նախարարությունը կտրամադրի 5 «Կարմիր գիրք»: Օրվա ընթացքում նախատեսվում է նաև մանկական նկարների ցուցահանդես: Միջոցառման ընթացքում բոլոր այցելուների համար մուտքը Երևանի կենդանաբանական այգի կլինի անվճար: ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կցուցադրվի «Անտառը և կլիմայի փոփոխությունը» խորագրով դպրոցականների պատրաստած պաստառների և նկարների ցուցահանդես:
Հայաստանի ագրարային ազգային ակադեմիայում կանցկացվի բաց դասախոսություն ՝ «Բնապահպանության ոլորտում Հայաստանի միջազգային համագործակցությունը» թեմայով Օզոնի ազգային կենտրոնի և Կովկասի բնության հիմնադրամի/ CNF-ի/ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կկազմակերպվեն տարածքի մաքրման աշխատանքներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնու տեղամասի Հավուց Թառ տանող էկոերթուղում՝ ներգրավելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և արգելոցի աշխատակիցներին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ կանցկացվեն առաջին օգնության ուսումնական-ցուցադրական միջոցառումներ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի տարածքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները