Ա. Մուրադյանը կարևորել է համաճարակային հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համակարգի ներդրումը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) ծրագրերի տնօրեն Էլիզաբեթ Ս. Ջորջի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
«Վարակիչ հիվանդությունների կանխարգելման արդյունքում մեր երկրում լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել և գրանցված դրական ցուցանիշներով միջազգային ասպարեզում կարող ենք հպարտանալ»,-ասել է նախարարը` վկայակոչելով առողջապահական մարմինների կողմից այս ուղղությամբ կատարված վիթխարի աշխատանքը։
Նախարարը բարձր է գնահատել այս կառույցի ներդրումը երկու երկրների միջև համաճարակաբանության ոլորտում արձանագրված հաջողությունների գործում և շնորհակալություն հայտնել ՊՎՆԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքների համար:
Արմեն Մուրադյանի գնահատմամբ` երկկողմ համագործակցության առանքային հարցերից է կենտրոնական լաբորատորիայի ձևավորումը, որն իրականացվելու է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայի բազայի վրա:
Այս կառույցը միտված է ապահովելու միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան կարողություններ` լաբորատոր որակի կառավարման, կենսաանվտանգության, կենսաապահովության համակարգերի ներդրում:
Էլիզաբեթ Ս. Ջորջը կարևորել է մշտապես արդյունավետ երկխոսության և քննարկումների պայմաններում ընթացող պատշաճ համագործակցությունը և ընդգծել, որ իրենց հիմնական նպատակը վարակիչ հիվանդությունների կանխարգելման և ախտորոշման գործում Հայաստանի կարողությունների զարգացումն է:
«Մենք առավել հետաքրրքված ենք հատուկ վտանգավոր ախտածիններով և այս ուղղությամբ սերտորեն համագործակցում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»,-ասել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության ծրագրերի տնօրենը։
Լաբորատոր համակարգի զարգացման առումով նախարարը կարևորել է նաև մարզային լաբորատորիաների վերականգնումը և վերազինումը: Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում Շիրակի և Տավուշի մարզերում։ Հետագայում ժամանակակից հանրային առողջապահական լաբորատորիաներ կձևավորվեն Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, որոնք կապահովեն մարզային մակարդակում միջազգային պահանջներին համապատասան լաբորատոր կարողություններ:
Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացումն առողջապահության համակարգի գերակա ուղղություններից է և այս առումով կարևորվում է հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի ներդրումը, որը կապահովի հիվանդության դեպքերի արագ արձագանքումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա