Արա Պապյան. Ցեղասպանության հարցի լուծումը գտնվում է իրավական դաշտում
«ՀՀ նախագահի քայլը անակնկալ էր թուրքական կողմի համար: Այս մասին վկայում են անգամ թուրքական մամուլի զգացմունքային արձագանքները: «Անակնկալ քայլ` Սերժ Սարգսյանից», «Հայաստանը անակնկալ մատուցեց Թուրքիային» և նմանատիպ վերտառությամբ հրապարակումներում թուրքական մամուլը փաստեց, որ Թուրքիայի ապագա նախագահը հայտնվել է բավական բարդ դրության մեջ»,- անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին` panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրել է Թուրքիայի ապագա նախագահին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին այցելել Հայաստան: Իր հերթին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը օրերս կրկին անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում դեռ հույս կա»:
«ՀՀ նախագահը պարզորոշ կերպով շեշտեց, որ թուրք ժողովրդի հանդեպ որևէ թշնամություն չկա: Փոխարենը առկա է խնդիրը լուծելու, ինչպես նաև Ցեղասպանության բարոյական հետևանքների վերացմանն ուղղված ջանքեր գործադրելու ցանկություն: Ըստ էության, ակնարկվեց, որ թուրքական կողմից ևս նման ցանկության առկայության ամենավառ ապացույցը կհանդիսանա 2015 թ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունն և գլուխ խոնարհումը: Սա պաշտոնական Անկարայի կողմից տասնյակ տարիներ վարվող ժխտողականության քաղաքականությունից ետ կանգնելու, և այս ֆոնին ստեղծված իմիջը փոխելու լավագույն հնարավորությունն է»,- ասաց Ա. Իսպիրյանը:
Մեր զրուցակցի խոսքերով` նախագահի ելույթը «արժանի պատասխան էր» թուրքական, այսպես կոչված, «նախաձեռնողական» քաղաքականությանը` մասնավորապես, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսաներեքյան ուղերձին:
«Ցեղասպանության հարցում թուրքական արտաքին քաղաքականության հիմքում ընկած է ժխտողականությունն և կեղծիքի տարածումը: Էրդողանի վերջին ուղերձը ցույց տվեց, որ նրանք կարող են գնալ անակնկալ քայլերի` միևնույն ժամանակ չհեռանալով ավանդական քաղաքական ուղղուց: Կարծում եմ, որ 2015 թ ընդառաջ որևէ նմանատիպ քայլ անպայման կլինի»,- ասաց Ա. Իսպիրյանը:
Թուրքագետը սակայն չի կարծում, որ Թուրքիայի ապագա նախագահը որոշում կկայացնի այցելել Ծիծեռնակաբերդ:
«Թուրքիայում ներկայումս առկա քաղաքական և հասարակական իրավիճակում դեպքերի նման զարգացումը գրեթե անհավանական է: Թուրքական հասարակությունը դեռևս պատրաստ չէ Ցեղասպանության հարցում կտրուկ շրջադարձերի: 80 տարուց ավելի թուրքական վարչակազմը զբաղվել է կեղծիքի և հակահայկականության տարածմամբ և ոչ մի քաղաքական գործիչ չի կարող միանգամից ետ կանգնել այդ ուղղուց: Սակայն Էրդողանի ուղերձը որոշակի կերպով նախապատրաստում է թուրքական հասարակության հաջորդ համարձակ քայլին»,- նշեց Անդրանիկ Իսպիրյանը:
Ինչ վերաբերվում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի վերջին ելույթին, ապա ըստ մեր զրուցակցի, այն նախորդ ելույթների կրկնությունն էր:
«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, Գյուլի` Հայաստանի հետ առնչվող գրեթե բոլոր ելույթներում շեշտվում էր, որ Թուրքիան կարևորում է տարածաշրջանում Հայաստանի հետ համագործակցությունը: Այս մասին նա խոսում է նաև վերջին հայտարարության մեջ: Որևէ նոր բան, ըստ էության, այստեղ չկար: Մյուս կողմից Գյուլը չէր կարող ուղղակի անդրադառնալ ՀՀ նախագահի ելույթին: Գալիք ընտրություններում իշխող քաղաքական ուժի թեկնածուն Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որի փոխարեն Գյուլի պատասխանը կոռեկտ չէր լինի»,- ասաց Ա. Իսպիրյանը:
Իր հերթին Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով` Էրդողանի ուղերձից հետո հայկական կողմի նմանատիպ քայլը լիովին տրամաբանական էր:
«Գնդակը, այսպես ասած, գտնվում էր հայկական դաշտում և սպասելի էր, որ հայկական կողմը պետք է հանդես գա որոշակի նախաձեռնությամբ: Այս առումով ՀՀ նախագահի կողմից` Թուրքիայի ապագա նախագահին ուղղված հրավերը բնական և նորմալ քայլ էր»,- ասաց Արա Պապյանը:
«Ինչ վերաբերում է այս քայլի արդյունքներին, ապա չեմ կարծում, որ Թուրքիայի ապագա նախագահը կգա Հայաստան: Սա կլինի Ցեղասպանության ճանաչում, ինչը, բնականաբար, պաշտոնական Անկարան իրեն թույլ տալ չի կարող: Հավանական է, որ Երևան կժամանի ինչ-որ թուրքական պատվիրակություն` առավելագույնը փոխնախարարի գլխավորությամբ, որը չի այցելի Ծիծեռնակաբերդ»,-հավելեց մեր զրուցակիցը:
Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավարը կարծում է, որ հարցի լուծումը գտնվում է իրավական դաշտում:
«Հարցը պետք է տեղափոխվի իրավական դաշտ: Իմ խորին համոզմամբ, պետք է քննարկվեն ոչ թե Ցեղասպանության, այլ դրա հետևանքների վերացման հարցերը: Սա առաջին հերթին ենթադրում է Թուրքիայի կողմից հայկական պատմական հողերի դեօկուպացիա: Միայն իրավական դաշտում մենք կարող ենք լուծել մեր առջև դրված խնդիրները»,- ասաց Արա Պապյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան