«Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դնելն իրատեսական չէ». փոխնախարար
«Ղարաբաղի հետ սահմանին որևէ մաքսային ձևակերպում չի կատարվում, չի եղել, հիմա էլ չկա: Եվ ես էլ եմ կարծում, որ հետագայում որևէ մաքսակետ չի կարող լինել, քանի որ փաստացի՝ մենք Լեռնային Ղարաբաղի հետ միասին, գտնվում ենք մեկ միասնական տարածքում, և չեմ կարծում, որ իրատեսական է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դնելը»,-«168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ երաշխիքներ ունենք, որ այդ մաքսային սահմանը չի լինելու, և Հայաստանի առջև չեն դնելու այդ պայմանը, փոխնախարարն ասել է, որ նպատակահարմար չի համարում այդ հարցի շուրջ ավելի տարածվելը: