Պարբերաբար Հայաստան են հրավիրվելու հայտնի մարզիկներ`վարպետության դասեր անցկացնելու
Լեգենդար լիտվացի բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլյոնիսի այցով մեկնարկել է «Մեծ չեմպիոններ» նախագիծը:
«Այս տարի «Մեդիամաքս» ը տոնում է իր 15-ամյակը, և այդ առիթով որոշեցինք գործարկել «Մեծ չեմպիոններ» նախագիծը, որի շրջանակներում պարբերաբար Հայաստան ենք հրավիրելու հայտնի մարզիկների, ովքեր վարպետության դասեր կանցկացնեն հայ երեխաների համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը համաձայնեց դառնալ «Մեծ չեմպիոններ» նախագծի գլխավոր գործընկերը, և երբ Լիտվայի դեսպանն առաջարկեց Շարունաս Մարչյուլյոնիսին Հայաստան հրավիրել, հասկացանք, որ դա նախագծի գերազանց մեկնարկ կլինի»,- «Մեդիամաքս»-ի գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Մեդիամաքս»- ի տնօրեն Արա Թադևոսյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական բաժնից հայտնում են, որ ասուլիսին մասնակցել են Շարունաս Մարչյուլյոնիսը, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Մեդիամաքս» -ի տնօրեն Արա Թադևոսյանը:
Շարունաս Մարչյուլյոնիսը Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն է (1988թ, ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում), Բարսելոնայի (1992թ.) ևԱտլանտայի (1996թ.) Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ Լիտվայի հավաքականի կազմում:
Շարունաս Մարչյուլյոնիսը խորհրդային առաջին լեգեոներներից մեկն էր ամերիկյան Ազգային բասկետբոլային լիգայում (NBA): 1989թ. նա պայմանագիր կնքեց Golden State Warriors ակումբի հետ, որում հանդես էր գալիս մինչև 1994թ: 1994-1997թթ. Մարչյուլյոնիսը հանդես է եկել Seattle SuperSonics, Sacramento Kings և Denver Nuggets ակումբներում:
«Ի թիվս հասարակական կյանքի այլ ոլորտների, սպորտը նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: «Մեծ չեմպիոններ» նախագիծը մեզ հետաքրքրեց այն պատճառով, որ կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ հայ մանուկ և պատանի մարզիկների համար, որոնք ցանկանում են նվաճել սպորտային բարձունքները: Վստահ ենք, որ շփումը համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկների հետ մեծ դեր կունենա երեխաներից շատերի կյանքում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հունիսի 4-ին Շարունաս Մարչյուլյոնիսը «Գրանդ սպորտ» համալիրում վարպետության դաս է տվել ավելի քան 100 տղաների և աղջիկների համար՝ խորհրդանշական պարգևներ շնորհելով լավագույններին: Նույն օրը երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել լիտվական բասկետբոլի ֆենոմենի մասին պատմող «The Other Dream Team» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո հանդիսատեսը հարցեր է ուղղել Շարունաս Մարչյուլյոնիսին:
Այցի շրջանակներում Շարունաս Մարչյուլյոնիսը հանդիպել է ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի և Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար և Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ:
Նախատեսվում է նաև Շարունաս Մարչյուլյոնիսի այցը UWC Dilijan միջազգային դպրոց: