Երևանում կբացվի Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի դպրոց (լուսանկարներ)
Երևանում արդեն հաջորդ տարվա աշնանը կբացվի միջազգային չափանիշներին համապատասխանող գեղասահքի դպրոց, որը կրելու է օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի անունը: Հենց նա է գլխավորելու դպրոցը, մարզելու սաներին:
Այսօր Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի 27/8 հասցեում տեղի ունեցավ գեղասահքի դպրոցի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Արարողությանը ներկա էր նաև Իրինա Ռոդնինան, ով իր խոսքում նշեց, որ իր համար այսօր յուրահատուկ տոն է. «Տարիներ առաջ, երբ դեռ ելույթ էի ունենում, շատ եմ խոսել հայ մարզիկների հետ, ովքեր ասում էին, որ Երևանում մարզվելու համար չկա սառույց, այդ իսկ պատճառով հենց Ռուսաստանում են անցկացնում մարզումները: Այսօր՝ տասնյակ տարիներ անց, այդ երազանքն իրականություն դարձավ»:
Նա նշեց, որ հայ երեխաների աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ շատ շուտ արդյունքները տեսանելի կլինեն: Իրինա Ռոդնինան ասաց, որ երբ պատրաստ լինի դպրոցը, Ռուսաստանից շատ մասնագետներ կգան դասավանդելու, վարպետության դասեր անցկացնելու, իրենց գիտելիքներով կիսվելու համար:
«Ես մեծ հույս ունեմ, որ այս նոր դպրոցը կօգնի Հայաստանում գեղասահքի ավանդույթների վերականգմանը»,- նշեց նա՝ հավելելով, որ գեղասահքի զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ բարձրակարգ սահադաշտ, որակյալ մասնագետներ:
«Հայաստաում մասնագետների առկայության առումով իրավիճակը շատ ավելի լավ է, սակայն միշտ սահադաշտի խնդիր է եղել: Ես հույս ունեմ, որ մենք այստեղ ոչ միայն գեղասահքը կզարգացնենք, այլ նաև հոկեյը»,- ասաց Իրինա Ռոդնինան:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր Երևանի Շենգավիթ համայնքում գործում է գեղասահքի դպրոց, սակայն այն վերանորոգման կարիք ունի, մարզիկներն ու մարզիչները հնարավորություն չունեն լիարժեք մարզվել. «Երևանցիները սպասում էին այս դպրոցին»:
Նա տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացվել է 1 հեկտար տարածք՝ գեղասաքի դպրոց կառուցելու համար, իսկ ֆինանսավորելու է Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությանների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանը:
«Լինելու է գեղասահքի լավագույն դպրոցներից: Հույս ունեմ՝ տարիների ընթացքում Երևանում կբացվեն գեղասահքի այլ դպրոցներ ևս և Հայաստանում մի օր կանցկացվի աշխարհի առաջնություն»,- ասաց հայազգի գործարարը:
Ս. Համբարձումյանի խոսքով, նման դպրոց կառուցելու որոշում կայացրել է Հայաստանի նախագահը` Իրինա Ռոդնինայի հետ մի զրույցի ժամանակ: Նա նշեց, որ հաջորդ տարվա աշնանը դպրոցն արդեն պատրաստ կլինի:
Դպրոցի շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 5 միլիոն ԱՄՆ դոլար: Պատվիրատուն է «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամը, նախագծողները՝ «Արբակ և որդիներ» և «HCT» ՍՊԸ-ները, շինարարությունն իրականացնում է «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ-ն: Գեղասաքի դպրոցի ճարտարապետն է Սամվել Գյուլնազարյանը:
«Դպրոցը նախատեսված է գեղասահքի ու հոկեյի համար: Համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, այստեղ կարող են անցկացվել միջազգային, տեղական մրցույթներ: 500 հանդիսատեսի համար է»,- ասաց ճարտարապետը:
Կոնստրուկտոր, «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի տնօրեն Արբակ Հովհաննիսյանն էլ նշեց, որ կառույցը կրկնակի հուսալիություն ունի ցանկացած այլ կառույցների համեմատ, քանի որ նախատեսված է երեխաների համար. «Օգտագործվելու են մեծ թռիչքի համար նախատեսված կոնստրուկցիաներ, կարող է դիմակայել մինչև 10 բալ ուժգնության երկրաշարժին»:
Լուսանկարներն՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան