Երկար տարիներ էլեկտրաէներգիայի սակագինը չէր վերանայվել, ստիպված արեցինք. Փոխնախարար
Էլեկտրաէներգիայի սակագնի որոշման հարցին պետք է նայել և սպառողների տեսանկյունից, և շուկայի մասնակիցների, որոնք կատարում են համապատասխան աշխատանքներ, շահագործման ծախսեր: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը` պատասխանելով Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին հարցերին:
«Ժամանակի ընթացքում սարքավորումների արժեքները և ծախսերի գները փոխվում են», -սակագնի բարձրացման իր հիմնավորումն է ներկայացրել փոխնախարարը:
Նրա խոսքով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի ժողովրդի սոցիալական հարցերը, հնարավորությունները ու հաշվի է նստում շուկայում գործող ընկերությունների վիճակի հետ:
«Երկար տարիներ սակագինը չէր վերանայվել, անցյալ տարի ստիպված արեցինք, հիմա էլ նման իրավիճակ է ստեղծվել», -հավելել է փոխնախարարը` նկատելով, որ սակագնի ցանկացած բարձրացում խիստ անընդունելի է սպառողների կողմից:
Նկատենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ, էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
Նախորդող հրապարակում`
ՀԾԿՀ-ն` Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան