Բնապահպանության նախկին նախարարը ներողություն է խնդրել
Բնապահպանության նախկին նախարար, այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած որոշումից հետո ներողություն է խնդրել բնապահպաններից, որոնց դեռևս մարտի 25-ին տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ վիրավորել էր:
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված Արամ Հարությունյանի հայտարարության մեջ նշվում է հետևյալը.
«Հարգելի բնապահպաններ,
Ես իրոք ափսոսանք եմ հայտնում, որ «Պատասխանատու հանքարդյունաբերություն, մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային կոնֆերանսի շրջանակներում Ձեզ հետ մեր հարցուպատասխանը վերածվեց վիճաբանության:
Երկխոսության կառուցման ու քաղաքակիրթ բանավեճի ծավալման մշակույթի ու փորձի պակասը, ցավոք սրտի, հանգեցրեց մի իրավիճակի, որի արդյունքում հնչեցին անհիմն մեղադրանքներ և կոշտ արձագանքներ:
Կարծում եմ, որ կողմերը փոխադարձաբար պետք է հայցեն միմյանց ներողամտությունը, ինչը ես անում եմ՝ կրկին նշելով, որ ոչ մեկի վիրավորելու մտադրություն չեմ ունեցել, պարզապես փորձել եմ զսպել որոշ անձանց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները:
Ես դրական եմ վերաբերվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմանը և գնահատականին՝ նկատի ունենալով, որ վերջապես սահմանվեց և դրվեց այն նշաձողը, որը վերաբերվում է քաղաքացիների հետ շփվելիս քաղաքական գործիչների, կառավարության անդամների, պաշտոնատար անձանց հանրային վարքագծին: Դրանով դուրս բերվեցին այն չափանիշները, որոնցով այսուհետ պետք է գնահատվի հանրային ծառայողի, պետական պաշտոնյայի վերաբերմունքը և դրա հարգալից լինելը:
Կարծում եմ այս որոշումը կարևոր է նաև նրանով, որ ընդգծվեց պաշտոնատար անձանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, ինչը հանրային ծառայողների և պաշտոնատար անձանց հետ հարաբերվելու որոշակի վարքագծային կանոններ է թելադրում նաև հասարակության անդամներին:
Ես լիահույս եմ, որ հասարակության անդամները ևս կգնահատեն փոխադարձ հարգանքի վրա քաղաքացի-պաշտոնյա շփումների նոր մշակույթի ձևավորմանն ուղղված Հանձնաժողովի ջանքերը, և Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված մոտեցումները համատեղ կյանքի կկոչենք»:
Հարակից հրապարակումներ`
Բնապահպանության նախկին նախարարը խախտել է էթիկայի կանոնները. Եզրակացություն (տեսանյութ)
Ա.Հարությունյանը չի՞ պաստրատվում ներողություն խնդրել
Հ.Աբրահամյանի համար Բնապահպանության նախարարի ձևակերպումներն անցանկալի են (տեսանյութ)
«Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ ձեռդ կտամ, լակոտ». բնապահպանության նախարարը` ակտիվիստին (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան