Գրիշա Բաղիյան. Պարզում ենք բրուցելոզ հիվանդության տարածվածության պատճառները
Ամեն օր բրուցելոզի պատճառով մորթված կովերի թիվն ավելանում է: Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալներով, 80 մարդու մոտ ախտորոշվել է բրուցելոզ:
Ո՞ւմ մեղքով է հանրապետության մի քանի մարզերում մոլեգնում հիվանդությունը, ովքե՞ր են թերացել, սպանդի ենթարկված կենդանիների համար գյուղացիները ստանալո՞ւ են փոխհատուցում, թե՞ ոչ: Այս հարցերը Panorama.am-ը հասցեագրել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին:
-Պարոն, Բաղիյան, ինչքա՞ն գումար է հատկացվել պետական բյուջեից անցած և այս տարի՝ խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում պատվաստումներ և ախտորոշումներ իրականացնելու համար:
-«ՀՀ գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում խոշոր եղջերավոր կենդանիների նկատմամբ ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից 2013 և 2014 թվականների համար հատկացվել է 479 000.0 հազար դրամ:
-Ի՞նչ հաճախականությամբ ու ի՞նչ հիվանդությունների դեմ են պատվաստվում խոշոր եղջերավոր անասունները:
-Խոշոր եղջերավոր կենդանիների նկատմամբ իրականացվում են հետևյալ միջոցառումները` Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ պատվաստումը իրականացվում է տարեկան 2 անգամ` 6 ամիս ընդմիջումով, գործող հրահանգի համաձայն:
Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների սիբիրախտ հիվանդության նկատմամբ պատվաստումը իրականացվում է տարեկան մեկ անգամ համաձայն գործող հրահանգի:
Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների խշխշան պալար հիվանդության նկատմամբ պատվաստումն իրականացվում է համաձայն գործող հրահանգի` տարեկան երկու անգամ, 6 ամիս ընդմիջումով:
Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիները պաստերելոզ հիվանդության նկատմամբ պատվաստման են ենթարկվում տարեկան մեկ անգամ համաձայն հրահանգի:
Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիներից տարեկան երկու անգամ իրականացվում է արյունառում բրուցելոզ հիվանդության ախտորոշման նպատակով:
-Ինչո՞վ է պայմանավորված վերջին ամիսներին բրուցելոզի նման տարածվածությունը: Կա՞ անասնաբույժների մեղքը, եթե այո, ի՞նչ պատախանատվության են ենթարկվելու:
-Ներկայումս կատարվում են համապասխան ուսումնասիրություններ և դրանց վերլուծության արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել բրուցելոզ հիվանդության տարածվածության պատճառները:
-Այս պահի դրությամբ այդ հիվանդության պատճառով քանի կենդանի է հարկադիր սպանդի ենթարկվել, ըստ մարզերի:
Հարկադիր մորթի գործընթացը ամենօրյա է և շարունակական, այնուամենայնիվ վերջին տվյալներով բրուցելոզ հիվանդության հետևանքով հարկադիր մորթի է ենթարկվել ընդհանուր առմամբ 744 գլուխ, որից`
Արագածոտն – 21 գլուխ,
Գեղարքունիք – 50 գլուխ,
Լոռի – 11 գլուխ,
Կոտայք – 458 գլուխ,
Շիրակ – 96 գլուխ,
Սյունիք – 14 գլուխ,
Վայոց Ձոր – 94 գլուխ,
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2014 թվականի հունիսի 4-ի N 276-Ա որոշմամբ Գեղաշեն համայնքում սահմանվել է կարանտին և ստեղծված Գեղաշեն համայնքի տեղական հակաանասնահամաճարակային հանձնաժողովը արդեն իսկ ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային կառույցի մասնագետների աջակցությամբ ձեռնարկում է բազմաբնույթ միջոցառումներ հիվանդության տարածումը կանխելու և վերացնելու ուղղությամբ:
-Նախատեսվո՞ւմ է փոխհատուցում անասնատիրոջ գյուղացուն, եթե այո, ինչ չափով, եթե ոչ՝ ինչո՞ւ:
Նշված հարցի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հանձնաժողովից:
Նախորդող հրապարակումներ՝
Գեղաշենում կարանտինային աշխատանքները կազմակերպելու համար ձևավորվել է համապատասխան հանձնաժողով
Կարանտինային սահմանափակումներ Գեղաշենում` բրուցելյոզ հիվանդության հետ կապված
Ձորաղբյուրում կրկին բրուցելյոզով հիվանդ խոշոր եղջերավոր կենդանիներ են հայտնաբերվել
Ձորաղբյուր գյուղում հայտնաբերվել են բրուցելյոզով հիվանդ խոշոր եղջերավոր կենդանիներ
Գեղաշենում բրուցելոզով վարակված խոշոր եղջերավորի թիվը արդեն 77 է