Դինքի սպանության գործով հետաքննության հետ կառերեսվեն թուրք պաշտոնյաներ
Դինքի սպանության գործով կարող են հետաքննության հետ առերեսվել թուրք պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Թուրքիայում մի շարք առանցքային պաշտոնյաներ կարող են ստուգվել դիտավորության կամ անփութության մեղադրանքով թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության առնչությամբ, քանզի նախորդ վճիռը Ստամբուլի դատարանի կողմից բեկանվել է:
Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորի, նահանգային անվտագության ծառայության պետ Ջելալլեթին Ջերրահի, Ստամբուլի նախկին հետախուզական ծառայության պետ Ահմեթ Իլհան Գյուլերի և 6 ոստիկանի նկատմամբ դատական հետապնդում չիրականացնելու մասին ավելի վաղ ընդունված որոշումը դատարանի կողմից չեղյալ է հայտարարվել:
Այս որոշումն ընդունվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Դինքի սպանության գործով դատավարությունում խախտումներ հայտնաբերելուց հետո:
Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն նշել է, որ նոր որոշմամբ արդեն հնարավոր կլինի դատական հայց ներկայացնել նշված բոլոր անձանց դեմ:
Հիշեցնենք, որ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, հետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից: Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել էր իր մեղքը։
Որոշ քաղաքագետների կարծիքով, սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում