Հունիսի 9-10-ը Ժնևում նախատեսվում է Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը
«Հունիսի 9-10-ը Ժնևում նախատեսվում է Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Իրանի փոխարտգործնախարարը տեղեկացրել է, որ հունիսի 16-20-ը Վիեննայում միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև նախատեսվող հանդիպումից առաջ հունիսի 9-10-ը Ժնևում տեղի կունենա Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը, իսկ 11-12-ին Հռոմում Իրանի պատվիրակությունը կհանդիպի Ռուսաստանի պատվիրակության հետ:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում միջուկային խնդրի հարցում Իրանի և «5+1 խմբի» միջև մի քանի օր տևած բանակցություններն անարդյունավետ ավարտվեցին:
Չնայած բանակցությունների ընթացքում տեղեկատվություն հրապարակվեց, թե Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը նախապատրաստում են միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի նախագիծը, հանդիպման ավարտին պարզ դարձավ, որ բանակցությունների այդ շրջափուլում համաձայնագրի նախագծի մշակումն առկախվել է:
Վիեննայում տեղի ունեցա հանդիպումից մի քանի օր անց Ստամբուլում հանդիպեցին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին, ամփոփելով միջուկային խնդրի շուրջ Զարիֆի և Էշթոնի միջև տեղի ունեցած երկօրյա բանակցությունները, նշել էր, որ դրանք օգտակար էին՝ ուղղված հետագա բանակցություններում առաջընթաց գրանցելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում