Կաթվածներն այլևս չեն սարսափեցնում. Նոր տեխնոլոգիաների շնորհիվ ժամանակին կկանխվի ինսուլտը
Հայաստանում վերջին տարիներին սրտանոթային հիվանդությունների աճ է նկատվում, որոնք առաջացնում են սրտային անբավարարություն, առիթմիա, ինսուլտ և այլն: Ուռուցքային հիվանդություններից հետո ինսուլտը և սրտամկանի սուր ինֆարկտը, մահացության երկրորդ և երրորդ պատճառներ են:
Այդուհանդերձ, մասնագետները փաստում են, որ ժամանակակից արդյունավետ միջոցների և մեթոդների կիրառման շնորհիվ հնարավոր է կանխել սիրտ–անոթային հիվանդությունները:
Օրեր առաջ Հայաստան է ժամանել կանադահայ նյարդաբան Միքայել Սկոնը: Այցելության նպատակն է կաթվածի բուժման նոր մեթոդները ներդնել հայրենիքում: Այդ նպատակով այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում կբացվի Ինսուլտների բուժման կենտրոն, որտեղ նոր տեխնոլոգիաների և դեղամիջոցների շնորհիվ հնարավոր կլինի ժամանակին կանխել ինսուլտը:
Իսկ մինչ կենտրոնի բացումը Ծաղկաձորում կազմակերպվեց ինսուլտների արդիական բուժմանը նվիրված գիտաժողով, որի շրջանակում հայաստանցի և սփյուռքահայ բժիշկները քննարկեցին կաթվածի կանխարգելման, ախտորոշման և բուժման նոր մեթոդները:
Պոլսում ծնված և այսօր Կանադայում բնակություն հաստատած նյարդաբան Սկոնիին միշտ էլ հիացրել են հայաստանցի մասնագետները, բայց, ինչպես ինքն է նշում, կաթվածի կանխարգելման գործում Հայաստանում դեռ բացակայում են 21-րդ դարում առկա մեթոդները: Ուստի, մեր երկրում պետք է զարգացնել կաթվածի կանխարգելումն ու ախտորոշումը, քանի որ ճշգրիտ ախտորոշումն ու բուժումը առաջին հերթին հնարավորություն է տալիս խուսափել հաշմանդամությունից:
«Սփյուռքահայ գործընկերներով ցանկություն ունենք Հայաստանում զարգացնել կաթվածի բուժումը: Մեր առաջին քայլերից մեկն էլ նոր կենտրոնի բացումն է, որի շնորհիվ մարդիկ կկարողանան ժամանակին ախտորոշվել և հեռու մնալ ինսուլտ կոչվող հիվանդությունից: Մեր թշնամին կաթվածն է և դրա դեմ բոլորս պետք է պայքարենք: 21-րդ դարում վստահ կարող ենք ասել, որ կաթվածն այլևս կարելի է դարմանել, կարելի է բուժել, եթե հիվանդին անմիջապես հասցնեն հիվանդանոց»,- ասաց նա:
Իսկ կաթվածի դեմ պայքարի մեթոդները, ըստ նրա, տարբեր են՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառում, ինչպես նաև դեղորայքային բուժում:
Անդրադառնալով դեղորայքային բուժմանը, Մ.Սկոնը նշեց, որ այն արդեն հասանելի է Հայաստանում: Թեև բավականին թանկ արժե, բայց դրա շնորհիվ հիվանդը մի քանի ժամից կմոռանա ինսուլտի մասին:
«֊֊֊50 տարեկան մարդը, ով հոգում է իր ընտանիքի հոգսերը, եթե ինսուլտի նախանշանների դեպքում քայլեր չձեռնարկի և կաթված ստանա, ապա մինչև կյանքի վերջ անաշխատունակ կմնա, մինչդեռ դեղորայքի շնորհիվ նա որևէ խնդիր չի ունենա: Մենք ասում ենք՝ ժամանակը ուղեղ է, ուղեղը՝ ժամանակ, ուրեմն ժամանակն է Հայաստանում կանխել կաթվածը», - ասաց դոկտոր Սկոնը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը անդրադառնալով ինսուլտների բուժման կենտրոնին֊, ասաց, որ կենտրոնի մասնագետները վերապատրաստվել են Կանադայում և ԱՄՆ-ում, և այսօր վստահ կարող են ասել, որ Հայաստանում ժամանակին կարող են կանխարգելել ինսուլտը:
«Հայաստանում բուժում են ոչ թե կաթվածը, այլ դրա հետևանքները, սակայն այսուհետ հնարավորություն կունենանք կաթվածի դեմ պայքարել նորագույն մեթոդներով: Կաթվածներն այլևս մեզ չեն սարսափեցնում, քանի որ վստահ ենք, որ շատ շուտով մեծ թվով մարդիկ կխուսափեն այդ հիվանդությունից, ինչպես նաև հաշմանդամությունից»,- ասաց Մ.Մանուկյանը՝ հավելելով, որ կենտրոնում գործող նոր տեխնոլոգիաներն ու դեղորայքային բուժումը հնարավորություն կտա մեր երկրում նվազեցնել ինչպես ինսուլտից մահացությունը, այնպես էլ հաշմանդամությունը:
«Բոլորն էլ գիտեն, որ ինսուլտից հետո մարդիկ երկար վերականգնողական փուլ են անցնում, բայց շատ հաճախ այն օգուտ չի տալիս, ինչի արդյունքում էլ հիվանդը ամբողջ կյանքում չի կարողանում վերադառնալ նորմալ կենսակերպին: Այսպիսով, նոր սկսվող իշեմիկ ինսուլտը երկու ժամվա ընթացքում հնարավոր կլինի կանխել»,- նշեց նա:
Խոսքի կտրուկ խանգարումները, դեմքի անհամաչափությունը և թուլությունը կարող են նախանշել ինսուլտի առաջացումը։ Ինսուլտի այլ նախանշաններ կարող են լինել մկանների հանկարծակի թուլությունը, մարմնի մեկ կողմի թմրելը, հավասարակշռության կորուստը և տեսողական խանգարումները։ Հիվանդը դժվար է խոսում, իսկ լեզուն, եթե նա փորձի այն դուրս հանել, կոր կթվա։ Այս նախանշաններից թեկուզ մեկի առկայության դեպքում, ըստ Մ.Մանուկյանի, անմիջապես պետք է հիվանդանոց գնալ, որպեսզի հնարավոր լինի ժամանակին ախտորոշել և կանխարգելել ինսուլտը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները