Իրանի նախագահը Թուրքիայում է. նման մակարդակի այց չէր եղել 18 տարի
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոհանին մեկնել է Անկարա: Սա Իրանի նախագահի մակարդակով առաջին այցն է Թուրքիա վերջին 18 տարվա ընթացքում:
Հասան Ռոհանիի ընդունելությունը նախագահական նստավայրի (Չանքայա) մոտ կատարվել է ամենաբարձր մակարդակով, հնչել են երկու երկրների օրհներգերը: Դեմ առ դեմ հանդիպելուց հետո նախագահներ Գյուլը և Ռոհանին անցել են պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպման:
Ըստ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքի տեղեկության` թուրք-իրանյան հարաբերություններից բացի կողմերը քննարկելու են նաև օրակարգային նշանակության տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր: Բանակցությունների սեղանին լինելու է հատկապես սիրիական հարցը:
Հանդիպման ավարտին սպասվում է, որ նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այնուհետև Ռոհանին աշխատանքային ճաշ կունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո նշյալ այրերը կմասնակցեն Թուրքիա-Իրան համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստին: