«Աբսուրդ է, ցավալի իրականություն». Վերնիսաժի գործով 2-րդ անձը կալանավորվեց
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի որոշումը և Վերնիսաժի կրակոցների գործով օրերս ձերբակալված Ներսես Մելքոնյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Մելքոնյանի փաստաբան Արմեն Խաչատրյանը:
Մելքոնյանի նկատմամբ նախաքննական մարմինը մեղադրանքն առաջադրել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը):
Նա փոխանցեց, որ վճռական են և պատրաստվում են բողոքարկել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
«Ամեն հարց չի որ դատարանը օբյեկտիվ որոշում է կայացնում: Այս պարագայում հաշվի չառավ մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ` մեր պաշտպանյալը չորս հրազենային վնասվածք է ստացել, առողջական վիճակը շատ վատ է, իր խնամքի տակ ունի չորս անչափահաս երեխաներ: Մեծ բարերար է և Ջավախքի իր հարազատ գյուղում եկեղեցի է կառուցել: Սա է վիճակը: Աբսուրդ է, ցավալի իրականություն` պետք է մեկը դառնա քավության նոխազ», -հավելեց փաստաբանը:
Հիշեցնենք` մայիսի 17-ին մեքենայի ճանապարհը բացելու շուրջ Վալերի Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ առաջացած վիճաբանության արդյունքում ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը, մի քանի անգամ կրակել է, ինչի հետևանքով 5 անձ տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Գոռ Առաքելյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» (ըստ օրենսգրքի, պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» (3 ամիս կալանքից մինչև երեք տարվա ազատազրկում), և նա կալանավորված է: Ներսես Մելքոնյանը, այս գործով, փաստորեն երկրորդ կալանավորվածն է:
Հարակից հրապարակումներ`
Վերնիսաժի գործով ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը
Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց