Հայաստանի 16 գետ ճգնաժամային, իսկ 3-ը` աղետալի վիճակում են
Փոքր ՀԷԿ-երի շահագործման հետևանքով ուսումնասիրված Հայաստանի 47 գետերից 28-ի ծանրաբեռնվածությունը նորմայի սահմանում է, 16-ը ճգնաժամային, իսկ երեք գետ աղետալի վիճակում են: Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեմայի իրականացմանը զուգահեռ Հայաստանում առաջացել են ջրային ռեսուրսների գերօգտագործման, գետային էկոհամակարգերի, կենսաբազմազանության, հատուկ պահպանվող տարածքների, լանդշաֆտների, բնակչության սոցիալական սոցիալական վիճակի և կյանքի որակի հետ կապված խնդիրներ: Այս մասին ասված է «Փոքր հիդրո-էլեկտրոկայանների (ՓՀԷԿ) սոցիալ էկոլոգիական ազդեցության» վերլուծության մեջ, որի հեղինակն է Վիկտորյա Բուրնազյանը և որն օրերս ներկայացվեց հասարակությանը:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՇԿ-երի շահագործմամբ խախտվում է բնապահպանական օրենսդրությունը` ՀՀ ջրային և անտառային օրենսգրքերը, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքները: Հասարակական լսումներն իմիտացիոն բնույթ են կրում, իսկ որոշումներ կայացնելիս հաշվի չեն առնվում համայնքների բնակչության կարծիքները։ Հասարակական լսումներն անցկացվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և Օրհուսի կոնվենցիայի դրույթների խախտմամբ:
Վերլուծությունը մատնանշում է նաև, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը ոչ թափանցիկ է աշխատում. մերժում է տրամադրել հասարակական լսումների արձանագրությունները, կարծիքներ և բնապահպանական փորձաքննական եզրակացություններ: Իսկ ահա միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ երկխոսությունը ցույց է տվել, որ նրանք շահագրգռված են վարկի 100 % մարմամբ, այլ ոչ թե շրջակա միջավայրի պահպանությամբ և սոցիալական վիճակի բարելավմամբ:
Ելնելով վերոգրյալից ու նաև փոքր ՀԷԿ-երի ոլորտի խնդիրներից հեղինակը հանդես է գալիս մի շարք առաջարկություններով, որոնց թվում `որոշել ՓՀԷԿ-երի համար արգելված գոտիները, որոնք ընդգրկում են հատուկ պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ, սողանքային գոտիներ, ջրաբանական խոցելի տարածքներ: Արգելել նաև ՓՀԷԿ-երի կառուցումը և չերկարացնել կառուցված ՓՀԷԿ-երի լիցենզիաներն այն գետերի վրա, որոնք գտնվում են ճգնաժամային և աղետալի վիճակում գետի գերշահագործման պատճառով: Սահմանել հստակ կարգ, որը թույլ կտա հաշվի առնել ազդակիր համայնքի բնակչության կարծիքը ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ և այլն:
Ինչպես նաև ազատել Սևանա լիճ թափվող գետերը փոքր ՀԷԿ-երից, արգելել այդ գետերի վրա նոր ՓՀԷԿ-երի կառուցումը, ապամոնտաժել անօրինական փոքր ՀԷԿ-երը և չերկարացնել գործող ՓՀԷԿ-երի լիցենզիաները: Եվ որ կարևոր է` հրապարակային դարձնել ՓՀԷԿ-երին վերաբերող բոլոր պաշտոնական փաստաթղթերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները