Հեշտացված ընդունելություն, թանկ ուսում. Սփյուռքահայ ուսանողների խնդիրները
Հայաստանում սովորում է 4299 սփյուռքահայ ուսանող, որոնցից 2000-ը պետական բուհերում: Սփյուռքահայ ուսանողների՝ բուհեր դիմելու այս տարվա ժամկետը կմեկնարկի հուլիսի 7-ից, դեռ հայտնի չէ, թե մոտավորապես որքան ուսանող կգա Հայաստան սովորելու:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ (ՈՒՀԿ)»-ի նախագահ Սամվել Մկոյանն անդրադարձավ նրանց խնդիրներին ու ներկայացրեց արված աշխատանքները:
«Հիմա աշխատում ենք երեք ուղղությամբ: Քննաշրջանի ընթացքում փորձում ենք հոգեբանական դասեր անել, որպեսզի դրանց միջոցով ուսանողներն ավելի արդյունավետ պարապեն ու բարձր գնահատական ստանան: Մշակութային միջոցառումներ ենք անցկացնում: Իրավական հանձնաժողով ունենք, որն աջակցություն է տրամադրում ուսանողներին»,- ասաց Սամվել Մկոյանը:
Սփյուռքահայ ուսանողների հիմնական խնդիրը սոցիալական է: Բուհերում վարձերի վճարն ավելի բարձր է, քան տեղացի ուսանողների համար է սահմանված:
«Վճարում են երեսուն և հիսուն տոկոս ավելի, դա լուրջ խնդիր է, որպես օտարի վերաբերվելու տպավորություն կա: Եթե սփյուռքի բաժնով են ընդունվում, ապա վարձերն ավելի բարձր են, իսկ ընդունելությունը՝ հեշտ: Եթե ուսանողն ԱՊՀ տարածքից է, երեսուն տոկոս ավելի է վճարում, եթե այլ տարածքներից՝ հիսուն տոկոս»,- ներկայացրեց նա:
Անդրադառնալով սիրիահայ ուսանողներին, նա հայտեց, որ նախորդ տարի նրանք 405-ին էին: Սամվել Մկոյանը նշեց, որ որոշակի հնարավորություններ է տրվում սիրիահայ ուսանողներին, այդ թվում՝ ուսման վարձի հետ կապված:
«Անցած տարի հիսուն տոկոսով զեղչվում էր նախապատրաստական կուրսի վարձը, իսկ ընդունվելուց հետո վճարում էին նախորդ՝ չբարձրացած գներով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ջավախահայ ուսանողներին, ապա 2014 թվականից «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը զբաղվելու է նրանց խնդիրներով:
Նշենք, որ 2010-11թթ-ին մոտ 3400 սփյուռքահայ ուսանող էր սովորում Հայաստանում, երեք տարվա ընթացքում հազար ուսանող ավելացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա