«Ինձ համար դժվար էր նրա հեռանալը». Նախարարը` Քրմոյանի մասին
Այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ գործակարգվարական հերթական խորհրդակցությանը հրավիրված էր նաև աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։ Բարձր գնահատելով նախարարությունում 15 տարվա նրա ամբասիր աշխատանքը, նախարարն ընդգծել է, որ Սուրեն Քրմոյանին հաջողվել է իր շուրջն արհեստավարժ մասնագետներ համախմբել և համատեղ ուժերով հաջողություններ արձանագրել։
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում երկարատև, անմնացորդ աշխատանքի համար Արմեն Մուրադյանը Սուրեն Քրմոյանին պարգևատրել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով։ Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
«Ինձ համար դժվար էր նրա հեռանալը թե՛ որպես երկար տարիների ընկեր, թե՛ որպես գործին նվիրված պրոֆեսիոնալ, սակայն միաժամանակ հասկանալի է, որ յուրաքանչյուր մարդու համար կարևոր է մասնագիտական իր առաջնթացը»,-ասել է Արմեն Մուրադյանը։
Այնուհետև նախարարը ներկայացրել է աշխատակազմի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին։
«Արմեն Կարապետյանը նույնպես նախարարությունում 15 տարվա աշխատանքի փորձ ունի և հրաշալի ծանոթ է համակարգի առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին։ Ես վստահ եմ, որ նա ամեն ինչ կանի ՀՀ կառավարության առողջապահական ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատակազմի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու, համակարգում ֆինանսական բարեփոխումները շարունակելու, վերահսկման նոր մեխանիզմներ ներդնելու համար»,-ասել է Արմեն Մուրադյանը։
Այնուհետև քննարկվել էմարզերը նեղ մասնագետներով, առաջին հերթին` անեսթեզիոլոգներով ապահովելու հարցը։
Նախատեսվել է կազմակերպել նախարարի հանդիպումը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այս տարվա շրջանավարտների հետ, ինչպես նաև ուսումնասիրել մարզերի կողմից առաջարկվող պայմանները։ Միաժամանակ որոշվել է ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի, ինչպես նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի ներկայացուցիչների հետ առաջիկայում քննարկել բուժօգնության որակի և առաջին հերթին` անվտանգության ապահովման, այս ենթատեքստում մարզերում մասնագետների պակասը լրացնելու, վերակենդանացման ծառայությունները բարելավելու ուղղությամբ նախորդ հանդիպումից հետո ներկայացվող ծրագրերն ու առաջարկները։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա