Գ. Սարգսյան. Ֆերմերները սկսել են նախընտրել մշակաբույսերի տեղական սորտերը
«Այն պնդումները, թե Հայաստանում այլևս հնարավոր չէ գտնել որոշ մշակաբույսերի հին հայկական սերտեր, իրականությանը չեն համապատասխանում: Գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնից կարելի է ձեռքբերել մշակաբույսերի բոլոր սորտերի սերմեր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենտրոնի տնօրեն, գյուղ. գիտ. դոկտ. Գայանե Սարգսյանը:
Նաև հայտնեց, որ իրենց կենտրոնում այսօր կա մշակաբույսերի 4000 սորտանմուշներ, նոր սորտեր ևս ստանում են:
«Այս պահին հինգ նոր սորտեր գտնվում են շրջանացման փուլում: Մենք աշխատում ենք, որպեսզի նոր սորտերը լինեն ավելի դիմացկուն և բերքատու, ուշադրություն ենք դարձնում նաև որակին»,- ասաց Գ. Սարգսյանը:
Նա վստահեցրեց, որ նոր սորտերը («Լոշտակ» տաքդեղ, նաև պոմիդորի նոր սորտեր) շատ համեղ են, ուղղակի պետք է մշակվեն ճիշտ տեխնոլոգիայով:
Գ. Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց կենտրոնի ստացած սորտերը վաճառվում են պարարտանյութերի բոլոր խանութներում, գինը՝ 100 դրամից մինչև 400 դրամ (5 գրամանոց փաթեթներ): Կենտրոնի տնօրենի խոսքով, ամեն տարի սերմերի վաճառքն ավելանում է, ֆերմերները սկսել են նախընտրել տեղական, ավանդական սորտեր:
Ինչ վերաբերում է ֆերմերների կողմից կիրառվող պարարտանյութերին և արդյոք մշակաբույսերն էկոլոգիապես անվտանգ են, մաքուր, Գ. Սարգսյանն ասաց, որ խնդիրներն ավելի շատ են ջերմատներում, քան բաց դաշտերում. «Բարձր բերք ստանալու համար ջերմատներում պարարտանյութերի քանակների կիրառումն ավելի մեծ է: Ֆերմերը պետք է զգոն լինել, թե ինչ պարարտանյութ է օգտագործում և ինչ քանակությամբ»:
Նա նշեց, որ Հայաստան ներկրվում են, նաև հենց Հայաստանում արտադրվում են բիոպարարտանյութեր, սակայն ֆերմերներն ավելի շատ սելիտրա են օգտագործում, որն ավելի մատչելի է: Գ. Սարգսյանի խոսքով, ֆերմերներն ավելի գրագետ են դարձել:
Նախորդող հրապարակում՝