Ռուսաստանում գազի թանկացումն անխուսափելի է, իսկ Հայաստանու՞մ
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ առաջին շշուկն անգամ մեծ անհանգստություն առաջացրեց հանրային լայն շրջանակներում: Առհասարակ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ էլեկտրաէներգիայի, գազի, դիզվառելիքի, բենզինի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ու ծառայությունների գների չնչին բարձրացումն անգամ հանգեցնում է հանրային լայն դժգոհության: Դա իհարկե օրինաչափ է, քանի որ լայն սպառում ունեցող վերոթվարկված ապրանքների գների փոփոխությունը անմիջապես ազդում է շարքային քաղաքացու «գրպանի» պարունակության վրա: Այս առումով պետության առաջ դրված կարևոր խնդիրներից է բոլոր հնարավորություններից ընտրել այնպիսիք, որոնք կապահովեն թե' էներգառեսուրսների անխափան մատակարարում, և թե' խելամիտ գների սահմանում:
Մյուս կողմից էներգառեսուրսների հասանելիության և մատչելիության հարցերը պետք է դիտարկել ավելի լայն` էներգետիկ անվտանգության, ազգային անվտանգության տեսանկյունից: Շրջափակման մեջ և պատերազմի սպառնալիքի պայմաններում գտնվող երկիրը պետք է առնվազն առաջիկա տարիների համար հստակեցրած լինի թե' մատակարարման ու ստացման աղբյուրները, և թե' սակագները, և իհարկե հնարավոր փոփոխություններին այլընտրանքներ գտնելու ռազմավարությունը: Քանի որ Հայաստանը մեծապես կախված է էներգակիրների ներմուծումից, մասնավորապես՝ գազի, և վերջինիս սակագնի սահմանման հարցը պետք է լինի կառավարության ռազմավարության առաջնահերթությունների շարքում, այդ իսկ պատճառով քննության կառնենք գազի թանկացման հնարավոր տարբերակները:
2013թ-ի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում կնքվեց գազային համաձայնագիր, որով Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանվում էր 189 դոլար` 1000 խմ դիմաց: Այս իմաստով հստակություն մտցվեց սակագնի սահմանման հարցում և համաձայնագիրը լայն հանրության կողմից ընկալվեց որպես գազի գնի ֆիքսում մինչև 2018թ-ը: Ընդ որում այդ համոզմունքը ավելի խորացրեց էներգետիկայի նախկին նախարարը, որը համաձայնագրի կնքումից երկու շաբաթ անց հայտարարեց, որ գազի գինը անփոփոխ է մնալու մինչև 2018թ-ը:
Սակայն իրականությունը այլ է, և համաձայնագրով Հայաստան մատակարարվող գազի սակագինը մինչև 2018թ-ը փոխկապված է Ռուսաստանի Օրենբուրգի մարզի ներքին գների հետ: Հետևաբար, գազի սակագինը ոչ թե անփոփոխ կմնա առաջիկա 4 տարիներին, այլ փոփոխություն կկրի այնքանով, որքան կտատանվեն Օրենբուրգի մարզի ներքին սակագները: Իսկ գազի թանկացումն Ռուսաստանում անխուսափելի է և արդեն ընթացքի փուլում է:
Ինչու՞ է թանկանալու գազը Ռուսաստանում
Ռուսաստանը աշխարհի խոշորագույն գազ արդյունահանող երկիրն է, որը տարեկան 580-600 մլրդ խմ գազ է արդյունահանում, որից միայն մոտ 200 մլրդն է արտահանում, մնացածը սպառվում է ներսում: Չնայած Ռուսաստանի տարածքի մեծությանը, բնակլիմայական պայմաններին և բնակչության թվաքանակին, այնուամենայնիվ փորձագետների մի ստվար մասը կարծում է, որ գազի ներքին սպառման նման մեծ չափերը պայմանավորված է ներքին գների ցածր լինելուց: Այլ կերպ ասած տեղի է ունենում ռեսուրսների անարդյունավետ օգտագործում, որոնք, անշուշտ, անսահմանափակ չեն: Այս իմաստով արդյունավետության բարձրացումը առաջին հերթին կապվում է գների խելամիտ բարձրացման հետ:
Այս տարվա մարտի 25-ին Ռուսաստանի սակագների դաշնային ծառայությունը որոշում է կայացրել Ռուսաստանի ներքին սպառողների համար գազի գները ավելացնել միջինը 4.2%-ով: Որոշումը ուժի մեջ կմտնի սույն տարվա հուլիսի 1-ից: Այս որոշումից մեկ ամիս անց ապրիլի 22-ին Ռուսաստանում գազի թանկացման անհրաժեշտության մասին հաղորդագրություն տարածեց նաև գազային հսկան` «Գազպրոմը»: Վերջինիս համաձայն` արդարացի գների սահմանումը ազգային տնտեսության զարգացման գրավականն է: Հաղորդագրությունում նշված է, որ Ռուսաստանում առկա կարգավորվող գները տնտեսապես հիմնավորված չեն և թույլ չեն տալիս ստանալ այնպիսի շահույթ, որը հնարավորություն կտա ներդրումներ կատարել նոր հանքերի շահագործման և գոյություն ունեցողները պահպանելու, ինչպես նաև գազի պահեստավորման և տրանսպորտային ապահովման համար:
2000-2008թ-ին ներքին շուկայում «Գազպրոմը» աշխատել է վնասով, և միայն 2009թ-ին ապահովել է նվազագույն շահութաբերություն: Վերջին տարիներին շահութաբերությունը ավելացել է, սակայն դեռևս չի բավարարում առկա խնդիրների լուծման համար: Այդ առումով 2013-16թթ-ին նախատեսված էր ներքին կարգավորվող գները բարձրացնել տարեկան 15%-ով, սակայն Կառավարության հանձնարարականով բարձրացման տեմպերը նվազեցվեցին, և այսուհետ մինչև 2017թ-ը նախատեսվում է գները բարձրացնել տարեկան 4.8-4.9%-ով: Վերջնական նպատակն է արտահանումից և ներքին սպառումից ստացվող շահույթների համահարթեցումը:
Գների հնարավոր թանկացմանը կարող են «նպաստել» նաև արտաքին գործոններ: Ռուսաստանում տարեկան գազի սպառումը կազմում է 420-440 մլրդ խմ, որը կրկնակի անգամ ավելին է քան գազի արտահանման ծավալները: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի պետական բյուջեում իրենց ծանրակշիռ տեղը ունեն ածխաջրածինների արտահանումից ստացվող մուտքերը, և եթե հաշվի առնենք Արևմուտքի կողմից մեկուսացման քաղաքականությունն ու պատժամիջոցները, ապա Ռուսաստանը ներքին գների բարձրացման հաշվին խնդիր ունի միջոցների սղության հարցը լուծել: Որպես օրինակ նշենք, որ վերջին 6 ամիսների ընթացքում Ռուսաստանի միջազգային պահուստները կրճատվել են 42 մլրդ դոլարով` հասնելով 467 մլրդ դոլարի:
Ներքին և արտաքին բավարար պատճառները առկա են, որոնք հանգեցնելու են Ռուսաստանում գազի ներքին գների բարձրացմանը, իսկ Հայաստանում ինչպիսի՞ հետևանք է թողնելու ռուսական ներքին շուկայի գների հետ կապակցված սակագնի փոփոխության վրա: Ի՞նչ այլընտրանքներ կարող է առաջ քաշել այս պարագայում կառավարությունը: Նախորդ կառավարությունը, տարիներ շարունակ թաքցնելով ռուսական գազի թանկացման փաստը, ի վերջո կուտակված պարտքը փոխհատուցեց «Հայռուսգազարդի» 20% բաժնեմասը ռուսական կողմին զիջելու միջոցով: Այս ոլորտում ոչ թափանցիկ գործելու փորձը մեծ վնաս հասցրեց նախորդ կառավարության հեղինակությունը, և ենթադրելի է, որ նոր կառավարությունը այս հարցում չի կրկնի նախորդի գործելաոճը, ավելին կփորձի այլընտրանքներ առաջ քաշել: Նոր կառավարության ծրագրում իսպառ բացակայում է գազի մատակարարման, մատչելիության հետ կապված հարցեր: Այնինչ նշված է, թե Կառավարության քաղաքականությունը միտված է երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնելուն:
Հաշված օրեր անց` հուլիսի 1-ին, ռուսական շուկայում գազի գները կթանկանան սահմանված չափով, հետևաբար սա արդեն դառնում է օրակարգային և հրատապ լուծում պահանջող հարց:
Հակոբ Սաֆարյան, տնտեսագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները