Փոխմարզպետ. Հանձնաժողովում քննարկվում է առանց անասուն մնացած գյուղացիների աջակցության հարցը
Անցած օրերին Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում բրուցելոզի նոր դեպքեր չեն գրանցվել: Panorama.am-ի հետ զրույցում փոխմարզպետ, ձևավորված հանձնաժողովի նախագահ Ալբերտ Ղազարյանն ասաց, որ այս համայնքում հիվանդության պատճառով մոտ հարյուր եղջերավոր անասուն է մորթվել ու թաղվել, հիմա կրկնակի, եռակի ու քառակի ստուգումներ են իրականացվում:
Հիշեցնենք, Գեղաշենում կարանտինային աշխատանքները կազմակերպելու համար ձևավորվել է հանձնաժողով:
Փոխմարզպետը նշեց, որ այդ հիվանդության համար որևէ իրավական ակտով գյուղացուն փոխհատուցում չի նախատեսվում, սակայն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հանձնաժողովում քննարկում են անասնատերերին աջակցելու հարցը:
«Քննարկվում է սոցիալապես անապահով ընտանիքներին որոշակի աջակցություն տրամադրելու, ինչպես նաև համայնքի ու մարզպետարանի կողմից սոցիալական ինչ-որ ծրագրեր իրականացնելու հարցը»,-ասաց Ա. Ղազարյանը, ավելացնելով, որ չի բացառվում նրանց կորցրածի փոխարեն առողջ կենդանիներ տրամադրեն:
Առայժմ հստակ չէ, թե հիվանդության պատճառով քանի ընտանիք է տուժել:
Հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, որ նախորդ ամիսներին գյուղի անասունների՝ բրուցելոզ հիվանդության ախտորոշման աշխատանքներն իրականացվել են, սակայն միանշանակ ասել չի կարող, թե ինչու հիվանդությունը Գեղաշենում նման տարածում գտավ: Կա միայն ենթադրություն, որ նախորդ ախտորոշման ժամանակ հիվանդ կենդանիներ են հայտնաբերվել, սակայն գյուղացու կողմից դրանց մորթի նկատմամբ վերահսկողություն չի իրականացվել, ինչն էլ վարակի նման ծավալների պատճառ է դարձել:
«Գյուղացին չի ուզում մորթել, հասկանո՞ւմ եք տարբեր պատճառներով: Մեկն ասում է, թե իմ ապրուստի միակ միջոցն է, մյուսն էլ՝ մեկ ուրիշ բան: Էն ժամանակ գյուղացին ասել է, մորթել է, հավատացել են, բայց իրականում չի մորթել, այդպիսով մեկը դառնում է տասը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հիվանդության պատճառով սպանդի է ենթարկվել մոտ 750 կենդանի, որից 458-ը Կոտայքում:
Նախորդող հրապարակումներ՝
Գրիշա Բաղիյան. Պարզում ենք բրուցելոզ հիվանդության տարածվածության պատճառները
Կարանտինային սահմանափակումներ Գեղաշենում` բրուցելյոզ հիվանդության հետ կապված
Ձորաղբյուրում կրկին բրուցելյոզով հիվանդ խոշոր եղջերավոր կենդանիներ են հայտնաբերվել
Ձորաղբյուր գյուղում հայտնաբերվել են բրուցելյոզով հիվանդ խոշոր եղջերավոր կենդանիներ
Գեղաշենում բրուցելոզով վարակված խոշոր եղջերավորի թիվը արդեն 77 է