Սուլեյմանով. Միրկադիրովի իրավունքները լրջորեն խախտվում են
Ապրիլի 19-ին Ռաուֆ Միրկադիրովին Ադրբեջանին արտահանձնելու ժամանակ խախտվել են նրա իրավունքները: Այդ մասին, ըստ «Кавказский узел»-ի, հայտարարել է նրա փաստաբան Էլմար Սուլեյմանովը:
«Առաջին հերթին, Միրկադիրովին իրավունք չի տրվել բողոքարկել արտաքսման որոշումը թուրքական դատարանում: Մյուս կողմից, ըստ միջազգային իրավական նորմերի, անձը չի կարող արտաքսվել այն երկիր, որտեղ նրան կալանք է ապասվում», -ասել է Էլմար Սուլեյմանովը:
Ըստ հոդվածի` Բաքվի դատարանը հունիսի 9-ին չի բավարարել Միրկադիրովի բողոքը կապված նրա մոտ նոտարի այցը մերժելու հետ:
«Кавказский узел»-ը գրում է, որ Միրկադիրովի պաշտպանությունը մայիսի 19-ին դիմել է ծանր հանցագործությունների գծով Ադրբեջանի քննչական վարչություն` նրա մոտ նոտարի այցը թույլ տալու խնդրանքով, որպեսզի լրագրողը թուրք փաստաբանին Թուրքիայում իր իրավունքները պաշտպանելու լիազորագիր հանձնի:
Հոդվածում նշված է, որ բողոքի քննարկումը տեղի է ունեցել առանց Միրկադիրովի ներկայության: Նրան դատարան չբերեցին` առանց դրա պատճառը բացատրելու:
«Մենք միջնորդեցինք լրագրողի մասնակցությունը ապահովելու հետ կապված, սակայն դատավոր Շալալա Հասանովան չբավարարեց ոչ միջնորդությունը, ոչ էլ բողոքը», - տեղեկացրել է լրագրողի փաստաբան Էլմար Սուլեյմանովը:
Նա կարծում է, որ Միրկադիրովին փաստորեն ոչ թե արտաքսել, այլ էքստրադիցիայի են ենթարկել, սակայն էստրադիցիայի իրավական հիմքը հաստատող փաստաթղթեր չկան: Այդ ժամանակ Միրկադիրովը անգամ կասկածյալ չէր, նշել է փաստաբանը:
«Սուլեյմանովը նաև տեղեկացրել է, որ նոտարին Միրկադիրովի մոտ չթողնելը անօրինական է և հակասում է Ադրբեջանի Սահմանադրության մի շարք հոդվածներին»,- նշված է նյութում:
«Մեզ չեն բացատրել, Միրկադիրովին դատարան չբերելու պատճառները: Սակայն կարծում եմ, որ դա կապված է նրա այն հայտարարության հետ, որ դատարանում կտեղեկացնի իր ձերբակալության պատճառի մասին», - ավելացրեց փաստաբանը:
Սուլեյմանովը տեղեկացրել է, որ դատարանի որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում:
Հիշեցնենք, որ ադրբեջանական «Զերկալո» թերթի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին ձերբակալել են ապրիլի 18-ին Անկարայում, ըստ ոստիկանության` փաստաթղթերի ժամկետանց լինելու պատճառով: Ապրիլի 19-ին Միրկադիրովին արտաքսել են Ադրբեջան, որտեղ նա անմիջապես ձերբակալվել է և նախնական կալանքի տակ առնվել պետական դավաճանության կասկածանքով: Ապրիլի 21-ին Բաքվի դատարանը նրան երեք ամսվա նախնական կալանք է տվել: Միրկադիրովը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ. մասնավորապես, նրան մեղադրում են երեք տարբեր վայրերում 2008-ից 2009 թվականներին Հայաստանի հատուկ ծառայություններին պետական գաղտնիք համարվող ռազմական տեղեկատվության տրամադրման մեջ, այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի տեղակայման վայրերի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում