Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՄԽ մասնակիցներին իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի վերաբերյալ
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ասորի Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչ Դիոնիսիոս արքեպիսկոպոս ժան Կավակին Անտիոքի և Համայն Արևելքի Հույն Պատրիարքության ներկայացուցիչ Դեմետրիոս եպիսկոպոս Չարբակին, Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար դոկտ. Էլիաս Էլ Հալաբին և ԵՀԽ-ում Միջին Արևելքի ծրագրերի գծով պատասխանատու պրն. Միշել Նսեյրին, ովքեր Մայր Աթոռ են ժամանել հունիսի 11-12-ը Մայր Աթոռում գումարված «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդակցության առիթով, տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Քույր Եկեղեցիների և ԵՀԽ ներկայացուցիչներին, իր օրհնությունն ու գնահատանքն է բերել նրանց Մայր Աթոռի հրավերին ընդառաջ Հայաստան ժամանելու առիթով:
Խոսելով Սիրիայում տիրող ծանր իրավիճակի և, մասնավորապես, քրիստոնեական համայնքների մասին` Նորին Սրբությունը կարևոր նկատեց Քրիստոնեական Եկեղեցիների մարդասիրական համընդհանուր ջանքերի մեկտեղումն ի խնդիր Սիրիայի աստվածասեր ժողովրդի վերքերի ամոքման և Սիրիայում խաղաղության ու բնականոն կյանքի վերահաստատման: Ա
յս առումով Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է, որ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախաձեռնած խորհրդակցությունն ևս խաղաղասիրական ուղիներ կմատնանշի հակամարտության կարգավորման համար:
Ամենայն Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նաև Մերձավոր Արևելքի երկրներում և հատկապես Սիրիայում սպասավորող հոգևորականների անձնազոհ ու նվիրյալ ծառայությանը և վստահություն հայտնեց, որ Աստծու ողորմածությամբ ամուր հավատքի և լավատեսության ոգու շնորհիվ ծանր ու դժվարին ժամանակները պիտի հաղթահարվեն:
Ամենայն Հայոց Հայրապետը, հյուրերին ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից Սիրիայի ժողովրդին և հայ համայնքին ցուցաբերված աջակցությունը, վստահեցրել է, որ Մայր Աթոռը պիտի շարունակի ըստ ամենայնի զորակցել պատերազմի արհավիրքը կրող ժողովրդին:
Զրույցի ընթացքում մասնավոր մտահոգություն է արտահայտվել նաև Սիրիայի քրիստոնեական համայնքների վիճակի և պատերազմի հետևանքով նվազող քրիստոնեական ներկայության առնչությամբ:
Հանդիպմանը ներկա էին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Նախորդող հրապարակում`
«Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար»` խորհրդակցություն Մայր Աթոռում