Ինչո՞ւ քառյակի կետերում չկա իշխանափոխության խնդիր
«Կետերում կա այն, ինչի շուրջ մենք համաձայնվել ենք: Այս պարզաբանումը պետք է լրիվ բավարար լինի: Կոնգրեսի դիրքորոշումը ես արդեն հայտնեցի, այլ ուժերի փոխարեն խոսել չեմ կարող»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քառյակի 12 կետանոց պահանջների հրապարակումից հետո, պատասխանելով այն հարցին, թե ինչու դրանցում չկա իշխանափոխության, մասնավորապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը:
Այս իշխանությունը, ըստ Լ.Զուրաբյանի, կփախնի հենց այն պահին, երբ ժողովրդի զանգվածները դուրս գան փողոց:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ անձերի խնդիր գոյություն չունի, առկա են բազմաթիվ խնդիրներ:
«Պարզապես Սերժ Սարգսյանի հեռացումը երկիրը չի փրկի, եթե համակարգը չի փոխվելու: Պետք է այնպիսի համակարգ ձևավորվի, որ իշխանությունը ծառայի ժողովրդին: Սա է խնդիրը, որը դեռ պետք է համաձայնեցնենք»,- նշեց նա:
Ս.Սարգսյանը, ըստ Ա.Ռուստամյանի, այսպես թե այնպես հեռանալու է, խնդիրը նա է, որ իշխանափոխությունը իսկապես ծառայի ժողովրդին: Ամենամեծ պատմական ձեռքբերումը կլինի այն, երբ հնարավոր լինի իշխանափոխությամբ հասնել Սահմանադրության հայտնի դրույթի կյանքի կոչմանը, այն է` իշխանությունը պատկանում է ժողովրդին:
ԲՀԿ-ի մոտեցումը ներկայացրեց համանուն խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Մեզ համար տաբու հարցեր և խնդիրներ չկան, այդ մասին ասվել է համագումարից հետո: Այս փուլում ԲՀԿ-ն իր երեք գործընկերների հետ միասին նպատակահարմար է գտել այս հարցերի առաջադրումը ներկայացնել իշխանությանը: Կլուծվեն թե ոչ` կերևա շատ կարճ ժամանակում»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Վեց տարի, հիշեցրեց նա, Տիգրան Սարգսյանի կառավարությունը ավերեց ու քանդեց երկիրը, այնպես որ նրա հրաժարականը պետք է ավելի վաղ պահանջվեր: Ինչ վերաբերում է 12 կետանոց պահանջներին, ապա դրանցում ներկայացված են անհապաղ լուծում պահանջող խնդիրներ, թեև խնդիրները, բնական է, ավելի շատ են:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ, համաձայնելով դաշնակցական իր գործընկերոջ հետ նշեց. «Մենք այնքան միամիտ չենք, որ մտածենք, թե այս 12 կետով պետությունում արմատական փոփոխություններ կլինեն:
Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, մենք մեր աշխատանքները շարունակելու ենք»,- ասաց նա ու համոզմունք հայտնեց, որ այս` չափից դուրս իրական մոտեցումները եթե իրականացվեն, ապա պետության մեջ բավականին փոփոխություններ կլինեն: Մնացածը ցույց կտա ժամանակը և իրականացված փոփոխությունների ամփոփումը, որը կարվի աշնանը կայանալիք համատեղ հանրահավաքում:
Նախորդող հրապարակում` Արցախ, «Նաիրիտ», տնտեսության զարգացում, մենաշնորհների վերացում...Քառյակը հրապարակեց պահանջները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան