Մերուժան Տեր-Գուլանյան. Պատերազմին միշտ պիտի պատրաստ լինել
Գրող Մերուժան Տեր-Գուլանյանը հասարակության առջև ծառացած խնդիրների ու Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունների հարցում տագնապներ ունի:
«Չկա վերադարձի ճանապարհ, Հայաստանն ազատ և անկախ պետություն է: Հայաստանում պետք է և խոսքը, և խիղճը, և մարդը ազատ լինեն: Սրանք նվաճված են, մենք պիտի պահպանենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն, գրողը նշեց, որ անկախ նրանից, թե դրա մեջ մտնող պետություններն իրենց ներսում ինչ են անում, մենք պիտի օգնենք, թիկունք կանգնենք մեր երկրի նախագահին ու պահպանենք ձեռք բերածը:
«Հասկանում եմ մեր երկրի նախագահին, երբ Աստանայում չպատասխանեց Նազարբաևին: Շատ դժվար է մեր երկրի նախագահին շփոթեցնել: Նրա միտքն այդպիսին է, որ հեշտ չէ դա անել: Եթե ինքը չպատասխանեց, ուրեմն այդ րոպեին ինչ-որ բան էր մտածում»,- ասաց նա:
Ըստ Տեր-Գուլանյանի, եթե մենք մտնում ենք այդ կառույցի մեջ, չի նշանակում, որ Նազարբաևի «առաջարկած սուրճը պիտի խմենք: Ուզում է, թող ինքն էլ խմի»:
Անդրադառնալով սահմանային լարվածությանը, գրողը նկատեց, որ բանակը մեր երկրի մի մասն է, բանակում էլ կարող են միջադեպեր լինել:
«Զոհը թշնամու գնդակից ենք ունենում, ուրեմն մենք էլ պիտի խփենք: Հատակապես Նախիջևանի դեպքը, ուղղակի ինձ ցնցեց»,- ասաց նա:
Մերուժան Տեր-Գուլանյանը չի հավատում, որ պատերազմ կարող է լինել, բայց, ըստ նրա, պատերազմի մասին միշտ պիտի մտածել, միշտ պիտի պատրաստ լինել դրան: