ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կհանդիպեն. Մոտեցումները միասնական դարձնելու ժամանակը եկե՞լ է
Այսօր ժամը 13.30-ին «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունում տեղի կունենա ԲՀԿ –ՕԵԿ հանդիպումը:
Panorama.am-ի հետ զրույցում ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ օրակարգում ընտրական բարեփոխումներն են, մասնավորապես քննարկել միասնական օրակարգով հանդես գալու խնդիրը, քանի որ ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերը ունեն իրենց մոտեցումները արդար և ազատ ընտրություններ անցկացնելու հետ կապված:
«Մենք առաջարկում ենք այն նախագիծը, որ ունեն բոլոր քաղաքական ուժերը, ընդհանրացնենք: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընդգրկի փորձագետներ, որոնք կաշխատեն այդ նախագծի վրա և հանդես գանք ընդհանուր նախագծով , որը հետագայում կմտցնենք օրակարգ ու կդարձնենք քննարկման առարկա, գուցե նաև արտահերթ ռեժիմով»,- տեղեկացրեց նա` ավելացնելով, թե սա ճիշտ տարբերակ է, քանի որ բոլորը ասում են, որ 100 տոկոս համամասնականը ընդունելի է:
ՕԵԿ-ը, օրինակ, առաջարկում է, որ ընտրության ժամանակ բացառվի տարբեր գույնի գրիչներով քվեարկությունը, ինչը ընդունելի է գործընկեր կուսակցությունների կողմից, կան առաջարկներ նրանց կողմից, որոնք, իրենց հերթին, ընդունելի են «Օրինաց երկրի» համար:
«Մենք դեմ չենք, որ ընտրությունից հետո քվեացուցակները հրապարակվեն, փակցվեն ընտրատեղամասերում: Մի խոսքով, առաջարկները բազմաթիվ են և ուղղված են, որպեսզի մենք իրոք կարողանանք ազատ ու արդար ընտրություններ անցկացնենք»,- նշեց Հ. Մարգարյանը:
Նշենք, որ ՕԵԿ-ն արդեն հանդիպել է «Ժառանգության» հետ, պայմանավորվածություն կա ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ, ինչպես նաև կհանդիպեն ՀՀԿ-ի հետ: