Ֆիննախը հինգ շիշ կոնյակ գնելու համար այս տարի ծախսել է 543 հազար դրամ
ՀՀ ֆինանսների նախարարությունն այս տարի 2 միլիոն 278 հազար 600 դրամ է ծախսել տարբեր տեսակի հուշանվերներ ձեռքբերելու համար:
Մասնավորապես, մարտ-ապրիլ ամիսներին ֆինանսների նախարարությունը ՀՀ Կենտրոնական բանկից գնել է ոսկուց և արծաթից` ընդհանուր 10 հատ հուշադրամներ` մեկ միլիոն 330 հազար դրամ արժողությամբ (գնումը կատարվել է երեք անգամ` երկու պայմանագրերով 4-ական հուշադրամ, մեկով` երկու):
Փետրվար ամսին ֆիննախը գնել է երեք հատ «Դվին» տեսակի 0,7 լիտր տարողությամբ կոնյակ` 143 հազար 400 դրամ ընդհանուր արժեքով (մեկ կոնյակն արժի 47 հազ. 800 դրամ, գնումը կատարվել է երկու անգամ` մեկ պայմանագրով մեկ հատ, մյուսով` երկու):
Եթե փետրվարին ֆիննախում «Դվին» կոնյակ են նախընտրել, ապա ապրիլին` ճաշակի թանկացում է տեղի ունեցել, քանի որ երկու պայմանագրերով ֆիննախը Երևանի կոնյակի գործարանից գնել է նույնքան «Կիլիկիա» տեսակի 0,7 լիտր տարողությամբ կոնյակ` յուրաքանչյուրի համար վճարելով 200 հազար դրամ:
Ֆինանսների նախարարության հուշանվերների գնման ցանկում վերջինը ձեռքբերումը եղել ապրիլին գնված` 405 հազար դրամ արժողությամբ նվագային գործիքը: Գնման ակտում նշված չէ, թե կոնկրետ ինչ նվագային գործիք է ձեռքբերվել: