Վերաքննիչ դատարանում Մարզահամերգային համալիրի գործով փաստաբանը բոյկոտել է նիստը
Վաղը, հունիսի 12-ին, կավարտվի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի երկրորդ աճուրդը և մինչ այս պահը որևէ գնորդ չի հայտնվել: Եթե մինչև այս աճուրդի ավարտը գնորդ չգտնվեց, համալիրը նորից կդրվի աճուրդի դարձյալ 10 տոկոս զեղչով:
Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) երկրորդ անգամ աճուրդի էր հանել հունիսի 2-ին` առաջարկելով 10 տոկոս ցածր գնով, 17 մլրդ 415 մլն դրամ` նախկին 19 350 000 000.0 դրամի փոխարեն:
Մինչև աճուրդը կավարտվի և արդյունքները հայտնի կդառնան այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանում կայացել է Մարզահամերգայինն ընդդեմ ԴԱՀԿ-ի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ Համալիրի ղեկավարությունը դիմել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան` աճուրդի մասին ԴԱՀԿ որոշումն առ ոչինչ ճանաչելու հայցով: Աճուրդի մասին ԴԱՀԿ որոշումը Համալիրը համարում է անօրինական և վիճարկում է` ելնելով այն հանգամանքից, որ աճուրդը հայտարարվել է ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի կողմից, մինչդեռ հայաստանյան օրենսդրությամբ նման բաժին գոյություն ունենալ չի կարող:
««ԴԱՀԿ ծառայության» և «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքների համաձայն,
ԴԱՀԿ ծառայությունը կազմված է կենտրոնական և տարածքային (մարզային) բաժիններից, իսկ, քանի որ Երևան քաղաքը մարզի կարգավիճակ ունի, ապա պետք է լինի ԴԱՀԿ Երևանի բաժին և համապատասխան վարչական շրջանների բաժանմունքներ: Իսկ քանի որ ՄՀՀ-ի էլեկտրոնային աճուրդի մասին որոշումն ընդունվել է «ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի» կողմից, ապա համաձայն «Իրավական ակտերի մասին» օրենքի՝ «աճուրդի վերաբերյալ որոշումն առ ոչինչ է` կայացման պահից», -հայտարարել էր ՄՀՀ ղեկավարությունը:
Ինչևէ, նախորդ դատական նիստում ԴԱՀԿ ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել դատական նիստը անցկացնել դռնփակ ռեժիմով, որին, սակայն ՄՀՀ փաստաբան Արմինե Հակոբյանը առարկել էր: Այսօրվա նիստը ևս անցկացվել է դռնփակ, սակայն փաստաբանը բոյկոտել է այն ու դուրս եկել նիստերի դահլիճից:
«Ինձ առաջարկվեց գաղտնիության մասին թուղթ ստորագրել, որից ես դարձյալ հրաժարվեցի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Արմինե Հակոբյանը` հստակեցնելով, որ հրաժարվել է, քանի որ չի կարծում, թե գաղտնի պահելու անհրաժեշտություն կա, քանզի ընդհանուր իրավասության առաջին դատարանը այդ հարցը քննել է դռնբաց ռեժիմով:
«Գաղտնի որևէ բան չկա, ամբողջ հանրությունը տեղյակ է կատարվածի մասին: Առավել ևս որ նրանք որևէ հստակ պատճառաբանություն չեն ներկայացնում, թե ինչու են ցանկանում գաղտնի անցկացնել նիստը, և դատարանն էլ որոշեց, որ դռնփակ կանցկացվի նիստը», -հավելեց փաստաբանը:
Նա տեղեկացրեց, որ այսօրվա նիստում ինքը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Վերաքննիչ դատարանում այս գործը կասեցվի ու ուղարկվի Սահամանդրական դատարան, քանի որ ընդհանուր իրավասության դատարանը կիրառել է օրենք, որը սահամանդրականության հետ կապված խնդիրներ ունի: «Բայց քանի որ ես նիստերի դահլիճից դուրս եկա, հետևաբար այս պահին տեղյակ չեմ` իմ ներկայացրած միջնորդությունը քննվե՞լ է, թե՞ ոչ: Այս պահին տեղեկություններ չունի», փոխանցեց փաստաբան Հակոբյանը:
Եթե այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանն այսօր որոշում կայացրած լինի, ապա, ըստ փաստաբանի, այն անօրինական կլինի, քանի որ մրցակցության սկզբունքի խախտմամբ է որոշումը լինելու:
Հարակից հրապարակումներ`
«Մենք հարյուր հատ համալիր չունենք». Քննարկում
Տիգրան Բարսեղյանը՝ Համալիրի աճուրդի մասին. «Պայմանագրում նշված լինել-չլինելն էական չէ»
17 մլրդ 415 մլն դրամ. աճուրդի դրված մարզահամերգային համալիրի նոր գինը
Մարզահամերգային համալիրի վաճառքը չի մտահոգում Մշակույթի նախարարությանը
Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց...
Ճարտարապետ. Համալիրի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա մշակութային արժեք լինելու մասին
Համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է. Արձագանքում է Մարզահամերգային համալիրը