Handmade in Armenia. Բերդի կանայք նոր արտադրանքով են ներկայանում
Տավուշի մարզի Բերդ քաղաքի կանանց ձեռքերով պատրաստված պայուսակներն արդեն վաճառքում են ու բավականին մեծ արձագանք են ստացել: Վաճառքի առաջին օրը՝ հունիսի 9-ին մոտ քսան պատվեր է գրանցվել: Բերդ այցելած եվրոպացիներն էլ անտարբեր չեն մնացել, մի քանի պայուսակ են գնել ու իրենց հետ տարել:
Մի քանի ամիս առաջ Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ մեկնարկեց «Բիզնես հնարավորություններ և աջակցություն՝ Բերդի տարածաշրջանի գործազուրկ կանանց» ծրագիրը, որում ընդգրկված են կարիքավոր ընտանիքների գործազուրկ կանայք: Բերդի ութ կանանց համար անցկացվել են հելյունագործության ու կարի թրեյնինգներ, ձեռք է բերվել կարի մեքենա, այնուհետև թիմը գործի է անցել:
Պայուսակների դիզայնն էլ «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամում են մշակել:
«Մինչ այս «Ուրբան» կազմակերպությունը հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է «Ընդդեմ պոլիէթիլենային տոպրակների» ծրագիրը: Այդ ժամանակ մենք մոտ վեց հարյուր պայուսակներ կարեցինք ու բաժանեցինք տեղի սուպերմարկետներին, որ պոլիէթիլենային տոպրակների փոխարեն դրանք տան գնորդներին: Այդտեղից որոշակի փորձ կար»,-Panorama.am-ին ասաց «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Անահիտ Բադալյանը:
Պայուսակների լուսանկարները դրվել են համացանցում, այսօր կարվում են այն պայուսակները, որոնց տեսքն առավել մեծ հավանության է արժանացել օգտատերերի կողմից: Այս փուլում նախատեսում են կարել վեց հարյուր էկոլոգիապես մաքուր ու մատչելի գնով պայուսակ, լավ վաճառքի դեպքում ծրագրում նոր կանայք կներգրավվեն:
«Հիմա մարկետինգով ենք զբաղվում: Գրանցել ենք նոր կայք, փորձում ենք այնպես անել, որ կայքի միջոցով պատվիրեն, էլեկտրոնային վճարում կատարեն ու մենք առաքենք: Բայց Հայաստանում էլեկտրոնային եղանակով վճարման համակարգը կարծես կիսատ է գործում, հիմա ուսումնասիրում ենք, տեսնենք, թե ինչ արդյունավետ ու կարճ ճանապարհ կարող ենք գտնել, որ գնորդի գործը հեշտացնենք»,-ասաց հիմնադրամի տնօրենը:
Բերդում հույս ունեն, որ պայուսակներն էլ արջուկների հաջողությունը կունենան:
«Բերդի արջուկների ծրագիրը երկու-երեք հոգով սկսեցինք, հետո դարձանք 30: Մի ցավալի բան պետք է ասեմ, երկրի տնտեսական, թե բանկային համակարգն այնքան անկատար է, որ դու մի կետում կանգ ես առնում, հասկանում ես, որ դա քեզնից կախված չէ: Արդեն քանի օր է՝ աշխատում ենք էլեկտրոնային կոմերցիայի ուղղությամբ ու պարզվում է, որ շատերը դրա հետ կապված դժգոհություններ ունեն, Paypal-ով չեն կարողանում աշխատել: Ունենք երկու կայք, որոնցով նախատեսում ենք օնլայն վաճառք իրականացնել, բայց չենք կարողանում»,-ասաց Անահիտը:
Ամառային սեզոնի առիթով այժմ զեղչեր են սահմանված բոլոր նրանց համար, ովքեր ձեռք կբերեն մեկից ավելի պայուսակներ: Պատվիրել կարելի է գրելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +37455752594 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները