Ռոհանիի այցից հետո էլ Թուրքիան չկարողացավ հասնել իրանական գազի սակագնի նվազեցմանը
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոհանին հունիսի 9-ին պաշտոնական այցով մեկնել էր Թուրքիա: Լրատվամիջոցները դա համարեցին պատմական այց, քանի որ վերջին 18 տարվա ընթացքում Իրանի նախագահի մակարդակով ոչ մի այց չէր եղել Թուրքիա: Բայց նույնիսկ այդ այցի ընթացքում չլուծվեց բնական գազի սակագնի նվազեցման հարցը, ինչի հույսն ուներ Թուրքիան:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ» օրաթերթի էլ. կայքը, սակագնի նվազեցման հարցը քննարկումների օրակարգում էր, բայց արդյունքում հարցը մնաց չլուծված, և փաստորեն չբավարարվեց բնական գազի սակագնի նվազեցման Թուրքիայի պահանջը: Անկարան պահանջում է, որ Թեհրանը վաճառվող բնական գազի սակագինը 32.5 տոկոսով զեղչի: Իսկ իրանական կողմը նախատեսում է գնալ ընդամենը 10 տոկոսանոց զեղչի, այն էլ` 2020 թվականից:
«Սաբահ»-ը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Իրանը չափազանց բարձր գնով է Թուրքիային բնական գազ վաճառում. 1.000 խմ-ի դիմաց` 500 դոլար: Օրինակ է բերվում Հայաստանը, որը սկզբում Իրանից գազը գնում էր 230 դոլարով, այնուհետև արժանացավ զեղչի և սակագինն իջավ մինչև 100 դոլար:
«Այսինքն Թուրքիան նույն քանակությամբ գազի համար Հայաստանից 5 անգամ թանկ է վճարում Իրանին»:
Հիշեցնենք, որ Թուրքիան զուգահեռ փորձում է դատական կարգով հասնել հարցի լուծմանը և պարտադրել Իրանին համեմատաբար էժան սակագին սահմանել Թուրքիայի համար: Դատավճռի հրապարակումը սպասվում է մինչև այս տարեվերջ: