Կրծքագեղձի վիրահատության նոր մեթոդ` Հայաստանում
Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության նոր տեսակը հնարավորություն է տալիս ուռուցքը հեռացնելուց հետո պահպանել կրծքի էսթետիկ տեսքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի» վիրահատական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանը:
Նոր մեթոդներով վիրահատություն անցկացնելու համար ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Սալիբյանը:
«Այստեղ կարևորը ուռուցքաբանի և վիրաբույժի համատեղ աշխատանքն է: Վիրահատությունը բաղկացած է երկու մասից, սկզբում ընթանում է բուն վիրահատությունը, հեռացվում է ուռուցքը, այնուհետև սկսվում է պլաստիկ վիրաբույժի աշխատանքը և տեղադրվում է իմպլանտը, որի շնորհիվ էլ պահպանվում է արտաքին տեսքը, ինչն էլ կնոջ վրա հոգեբանորեն դրական ազդեցություն է ունենում»,-ասաց Սալիբյանը:
Նա նաև հայտնեց, որ Եվրոպայում գրեթե 20 տարի է, ինչ կիրառվում է այս մեթոդը, իսկ ԱՄՆ-ում` 10 տարի: Արմեն Քոչարյանը տեղեկացրեց, որ Արթուր Սալիբյանի գլխավորությամբ իրենք արդեն հաջողությամբ կատարել են նման վիրահատություն:
«Մոտ մեկ շաբաթ առաջ մեր կենտրոնում կատարվել է նման վիրահատություն: Հիվանդը գտնվում է մեր հսկողության տակ, ամեն ինչ նորմալ է ընթանում»,- նշեց Արմեն Քոչարյանը` ավելացնելով, որ վիրահատությունը կատարել է բարեգործական հիմունքներով:
Իսկ թե ինչ արժեք կունենա նման վիրահատությունը մեր երկրում նա պատասխանեց. «Դժվար է ասել, թե ինչ կարժենա նման վիրահատությունը: Արթուր Սալիբյանն ինքն է բերել անհրաժեշտ պրոթեզները և վիրահատության մնացած ծախսերն էլ է հոգացել: Այս դեպքում անհրաժեշտ է տալ վիրահատության և պրոթեզի գումարը, որը մեր երկրի վիճակից ելնելով` կլինի հասարակությանը մատչելի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա