Եթե լուրջ աշխատանք տարվի, ապա այս տարի կունենանք 8-9 տոկոս տնտեսական աճ. Թաթուլ Մանասերյան
Հայաստանի տնտեսության զարգացումները պայմանավորված են հակասական միտումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` հավելելով, որ այսօր չի կարելի միանշանակ արձանագրել կամ կանխատեսում անել, թե ինչ կարող ենք ունենալ տարեվերջին:
Տնտեսագետը նշեց, որ ինքը լավատես է, քանի որ մասնագիտորեն վերլուծելով Հայաստանի տնտեսության ռեսուրսային պոտենցիալը, գտնում է, որ ունենք մեծ պոտենցիալ: Մինչդեռ, ըստ նրա, այսօր մեր տնտեսությունը գտնվում է ամոթալի վիճակում:
«Ամոթալի է Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը, ինչը տարիների արդյունք է: Ես հակված չեմ նետեր ուղղել այս կամ այն կառավարությանը, դա պայմանավորված է ինչպես օբյեկտիվ գործոններով, որոնք Հայաստանից այդքան էլ կախված չեն, այնպես էլ մեզանից պայմանավորված գործոններով»,- ասաց Թ.Մանասերյանը:
Նրա խոսքերով` ժամանակն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակը և առաջնորդվել արդեն իսկ մշակված տնտեսության զարգացման ռազմավարությամբ:
«Այդ ռազմավարությունը պետք է լինի ուղենիշ և անձնավորված մոտեցումներով չպետք է Հայաստանի տնտեսությունը զարգանա, այլ պետք է արժեքային, սկզբունքային հստակ միջավայր ձևավորվի»,- ասաց Թ.Մանասերյանը:
Նա միաժամանակ նշեց, որ եթե լուրջ աշխատանք տարվի, ապա այս տարի տնտեսությունում կգրանցվի 8-9 տոկոս, իսկ 2015 թ-ին` երկնիշ տնտեսական աճ:
«Երկնիշ թիվը Հայաստանի տնտեսության համար իրատեսական է, քանի որ այն կարողությունը, որ ունենք, ոչ միայն չի օգտագործվում, այլ նաև դրա մասին մենք անգամ պատկերացում չունենք, բացի այդ, չկան նաև գնահատականներ»,- ընդգծեց տնտեսագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները