Պանթեոնում հարգանքի տուրք մատուցվեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին (Լուսանկարներ)
Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներն՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, մշակութային և հասարակական գործիչներն այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Այնտեղ էր նաև Ա. Մարգարյանի ընտանիքի անդամները՝ որդու՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
Նշենք նաև, որ Ա. Մարգարյանի հիշատակը հարգելու էր եկել նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ներկաները ծաղիկներ դրեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով պետական, քաղաքական գործչի հիշատակին: Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից մատուցվեց հոգեհանգստյան կարգ:
«Անդանիկ Մարգարյանը բավականին լուրջ քաղաքական գործիչ էր: Նա փորձում էր բոլորին լսել, հասկանալ: Լսելու մեծ արվեստ ուներ: Վճռական էր որոշումներ կայացնելիս: Նա փորձում էր բոլոր քաղաքական թիմերի կամ կուսակցությունների հետ աշխատել համերաշխ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Անդրանիկ Մարգարյանի ընկերներից Վազգեն Կարախանյանն (ՀՀԿ խորհդրի անդամ, ԱԺ պատգամավոր) էլ նշեց, որ նա իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է հայրենիքին, պետությանը ծառայելով. «Եզակի հայերից էր, որ երբեք, հայրենսաիրության իմաստով, արձակուրդ չգնաց»: Նա հիշեց, թե ինչպես էին 1988 թ. զենք ու զինամթերք արտադրել և ինչպես է Անդրանիկ Մարգարյանն արտասվել. «Երբ մենք փորձարկում էինք մեր ստեղծած պայթուցիկ նյութը, թնդյուն որոտաց, տեսանք ավերիչ հետևանքները: Բավականին ուրախացել էինք: Նա չկարողացավ զսպել իր արցունքները»:
Հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին. հանկարծամահ է եղել կյանքի 56-րդ տարում, 2007թ.-ի մարտի 25-ին:
Անդրանիկ Մարգարյանն իր քաղաքական գործունեության ուղենիշ ընտրելով Նժդեհի գաղափարները՝ 1966 թ.-ից հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ: 1968 թ.-ից եղել է խորհրդային տարիներին անլեգալ գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։
1974 թ. ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Ղարաբաղյան պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների ստեղծման, Արցախ զենք, զինամթերք և սննդամթերք առաքման աշխատանքներին, մասնակցել է մարտական գործողություններին: 1998 թ.-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ է, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ:
Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Արամ Մանուկյան», «Ֆրիտյոֆ Նանսեն», «Վազգեն Սարգսյան», ԵԿՄ մեդալներով։
1992 թ. հունիսի 9-ից ՀՀԿ անդամ է, 1992 թ. հոկտեմբերին, 1993 թ. փետրվարին ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: 1993 թ. դեկտեմբերին, 1994 թ., 1995 թ. դեկտեմբերի 2-ին, (ՀՀԿ 2-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ:
Լուսանկարներն այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը