Ինչո՞ւ կառավարությունը չի գնում Մարզահամերգային համալիրը
«ԴԱՀԿ-ի կողմից երկրորդ անգամ աճուրդի հանված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այս անգամ էլ գնորդ չունեցավ: Կա կոնկրետ անձ կամ ուժ, որն ամեն կերպ փորձում է հարմարացնել իր գրպանին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ԴԱՀԿ-ն երկրորդ անգամ աճուրդի է հանել հունիսի 2-ին: Այս անգամ այն վաճառվում է 10 տոկոս ցածր գնով, 17 մլրդ 415 մլն դրամ` նախկին 19 350 000 000.0 դրամի փոխարեն: Աճուրդը շարունակվում էր մինչև հունիսի 12-ը:
Կ. Գրիգորյանն ասաց, որ Մարզահամերգային համալիրը կառավարությանը պարտք է մոտ 10 միլիարդ 200 միլիոն դրամ: Պատասխանելով մեր դիտարկմանը, թե արդյո՞ք, ըստ Ձեզ, նպատակահարմար չէ, որ հենց կառավարությունն իր պարտքի դիմաց գնի համալիրը, նա ասաց. «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական մասի վերանորոգման ու վերազինման համար պետությունն 9 միլիոն եվրո ներդրեց: Այսօրվա դրությամբ Հայաստանի կառավարությունն իր բյուջեով շատ բան չի կարողանում անել: Իսկ կան անհատներ, ովքեր ունեն հնարավորություններ, միջոցներ: Այսօրվա սեփականատերն («ԲԱՄՕ Մետալ» ընկերության) արդեն շուրջ 42 միլիոն դոլար ներդրում է արել, մոտ 40 միլիոն դրամ էլ ծախսում է շենքի պահպանման համար»:
Բացի այս, ըստ նրա, վերջին տարիներին պետությունն իր բալանսում ոչ մի բան չի պահում, ընդհակառակը տալիս է անհատներին. «Այստեղ հարցն այն է, թե ո՞վ է այդ անհատը, շենքը ձեռք բերելուց հետո արդյո՞ք կպահպանի այն, թե՞ կվերածի, ասենք թռնչաֆաբրիկայի կամ ախոռի: Ոչ մեկին նկատի չունեմ: Այսօր մարդիկ փորձում են ամենուր փող փնտրել»:
Նա իր խոսքի վերջում շեշտեց. «Մարզահամերգային համալիրը վաճառվելու է սեփականատիրոջ ցանկությամբ և պայմաններով»:
Մեր կողմից ավելացնենք, որ Մարզահամերգային համալիրը գտնվում է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում: Նույնիսկ առանց պայմանագրի էլ պարզ է, որ այս դեպքում պետք է գործի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը:
Հիշեցնենք, որ համալիրը 2005թ-ին կառավարության որոշմամբ վաճառվել էլ «ԲԱՄՕ Մետալ» ընկերությանը: Այն պաշտոնապես վերաբացվել է 2008թ-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Վերաքննիչ դատարանում Մարզահամերգային համալիրի փաստաբանը բոյկոտել է նիստը
Կ. Գրիգորյան. Կան կոնկրետ ուժեր, ովքեր շատ մեծ հետաքրքրություն ունեն համալիրը գնելու հարցում
«Մենք հարյուր հատ համալիր չունենք». Քննարկում
Տիգրան Բարսեղյանը՝ Համալիրի աճուրդի մասին. «Պայմանագրում նշված լինել-չլինելն էական չէ»
17 մլրդ 415 մլն դրամ. աճուրդի դրված մարզահամերգային համալիրի նոր գինը
Մարզահամերգային համալիրի վաճառքը չի մտահոգում Մշակույթի նախարարությանը
Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց...
Ճարտարապետ. Համալիրի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա մշակութային արժեք լինելու մասին
Համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է. Արձագանքում է Մարզահամերգային համալիրը