Վ. Խաչատրյան. Հոսանքի թանկացումը պետական վերահսկողության բացակայության հետևանք է
Էլեկտրաէներգիայի թանկացումը կբերի ևս 0.5 տոկոս գնաճի, գնողունակության անկման, հոսանքի սպառման ծավալների նվազման, տեղական արտադրանքի ոչ մրցունակ դառնալուն: Panorama.am-ի հետ հարցազրույցում էլեկտրաէներգիայի թանկացման նման հետևանքներ մատնանշեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Հիշեցնենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՝ 3.8-4.3 դրամով ⁄բնակչություն համար էլեկտրաէներգիայի գործող սակագինը նախորդ տարվա հուլիսի 7-ից կազմում է 38 դրամ՝ 1 կՎտ/Ժ-ի համար⁄: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ սակագնի բարձրացումն անխուսափելի է, այլապես «Հայկական էլեկտրացանցերը» կարող են հայտնվել ծայրահեղ ծանր ֆինանսական պայմաններում, քանի որ պարտքերն արդեն կազմում են 16 միլիարդ 600 միլիոն դրամ:
«Ինձ համար ամենաանընդունելի որոշումներից մեկն եմ կայացնելու, որովհետև ես ինքս էլ ձեզ նման սպառող եմ, ի վերջո, մենք կոչված ենք պաշտպանելու մեր սպառողների շահերը»,-ասել էր Նազարյանը:
Վ. Խաչատրյանը չի կասկածում Նազարյանի անկեղծության վրա, բայց դա չի նշանակում, որ իր համար բավարար են ներկայացված հիմնավորումները:
«Ես ուրիշ տեղեկություն կուզեի ստանալ, թե ինչո՞ւ է այդ վիճակն առաջացել, ինչո՞վ է պայմանավորված 16.6 մլրդ դրամի վնասը: Ես առայժմ պատասխան չունեմ թե ՀԷՑ-ը, որը բավականին լուրջ շահութաբեր կազմակերպություն է եղել մինչև այս, ինչո՞ւ է միանգամից սկսել վատ աշխատել»,-ասաց Վ. Խաչատրյանը:
Մինչ ՀԷՑ-ը կամ հանձնաժողովը կներկայացնեն կամ չեն ներկայացնի պարտքերի առաջացման պատճառները, տնտեսագետն ունի իր տարբերակը՝ «այդ համակարգում գոյություն ունեցող վատ կառավարման, կոռուպցիայի հետևանք է»:
«Պետք է պետությունը վերահսկողություն սահմանի, թե չէ նման կազմակերպությունները, ինչպես օրինակ «Հայռուսգազարդ»-ը իրենց վատ մենեջմենթի ու կոռուպցիայի հետևանքով կրած վնասներից հետո անընդհատ կասեն պետք է գինը բարձրացնել, շուկայական տնտեսության մեջ նման բան չի կարող լինել, եթե կազմակերպությունը սնանկ է դառնում, թող սնանականա, թող իմանա, որ սխալ ծախսեր է կատարում»,-ասաց տնտեսագետը, հիշեցնելով, թե «Հայռուսգազարդ»-ում ինչ բարձր աշխատավարձեր են ստանում, հետո այդ ճոխությունները բարդում են Հայաստանի քաղաքացիների վրա:
«Ես էլ կարող եմ նստել ու մի հատ այնպիսի ինքնարժեք հաշվարկել, դժվար չի, ինձ համար շատ ճոխ կյանք նկարագրեմ, աշխատավարձ՝ բարձ, ծախսեր՝ բարձր, կապիտալ ներդրումներ՝ բարձր: Բայց աղքատ քաղաքացիների վիճակը պետք է հաշվի առնել: Մենք ունենք աղքատ երկիր, աղքատ քաղաքացիներ և էլեկտրաէնեգիայի ու գազամատակարարման մի համակարգ, որոնք բնակիչների այդ վիճակի հետևանքով սկսում են ավելի ու ավելի վատ վիճակի մեջ հայտնվել, գինը բարձրացնում են, սպառումը քչանում է: Մեզ ասում են՝ դուք աղքատ եք, մոմ վառեք, աթար վառեք, այս համակարգն այնպիսին է, որ սկսելու են իրենք իրենց էլ ուտել: Շատ արատավոր շղթա է, որից դուրս գալու համար պետք է սահմանվի նորմալ սակագին ու նորմալ վերահսկողություն»,-ասաց Վ. Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքով, էլեկտրաէներգիայի թանկացումից տուժելու են հատկապես տեղական արտադրողները:
«Սա ամենավատ հարվածն է տնտեսությանը, եթե ուզում ենք արտահանումը խթանել, ապա պետք է ունենանք մրցունակ ապրանք, իսկ մրցունակ ապրանք ունենալու համար պետք է ինչ որ առավելություն ունենալ, Հայաստանում դա կարող էր լինել էժան հոսանքը, էժան գազը, էժան ենթակառուցվածքները, բայց դրանք ամենաթանկ ծառայություններն են»,-ասաց Խաչատրյանը, ավելացնելով, որ կառավարությունը այսօրեական լուծումներ է տալիս խնդիրներին:
Նրա խոսքով, խնդրի միակ լուծումը արդյունավետ կառավարումն է, բոլորին օրենքի դաշտ բերելը, մենաշնորհային ոլորտներում հրապարակային գործունեության ապահովումը:
Նախորդող հրապարակումներ՝
ՀԾԿՀ-ը ներկայացրել է էլեկտրաէներգետիկական համակարգի վերանայվող սակագների նախնական հաշվարկները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան