Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունը» դիմել է Հայաստանին իր անկախությունը ճանաչելու խնդրանքով
Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունը դիմել է Ռուսաստանի Դաշնությանն ու ևս 14 պետությունների՝ իր անկախությունը ճանաչելու հայցով: «Իտառ-Տասս» գործակալության փոխանցմամբ, դիմումի տեքստը տարածել է ինքնահռչակ հանրապետության մամուլի ծառայությունը:
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն խորհուրդը, ժողովրդական պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդները, հասարակական միավորումները դիմում են Ռուսաստանի Դաշնությանը՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությյունը որպես ինքնիշխան, անկախ պետություն ճանաչելու խնդրանքով», - ասված է հայտարարության տեքստում:
Գործակալության հետ զրույցում ինքնահռչակ հանրապետության մամուլի ծառայության ղեկավարն հայտնել է, թե փաստաթուղթն ընդունվել է նախօրեին երեկոյան ԼԺՀ Գերագույն խորհրդի նիստում: Ռուսաստանի Դաշնությունից բացի նմանօրինակ դիմումներ են ուղարկվել Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Չինաստանին, Սերբիային, Վենեսուելային, Կուբային և Նիկարագուային:
Հիշեցնենք, մայիսի 11-ին Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի բնակիչները կայացած առանձին հանրաքվեների արդյունքներով կողմ են արտահայտվել շրջանների պետական ինքնիշխանությանը:
Հանրաքվեների օրինականությունը հրաժարվել են ճանաչել Եվրամիությունում ու Միացյալ Նահանգներում, իսկ Ուկրաինայի նախագահի այնժամ ժամանակավոր պաշտոնական Ալեքսանդր Տուրչինովը հանրաքվեների անցկացումը «ֆարս» էր որակել և հայտարարել, թե դրանք չունեն իրավական ուժ, «բացի կազմակերպիչներին քրեական պատասխանատվություն ենթարկելուց»: