Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի… Մոնթեն
«Մոնթեն անմնացորդ սիրում էր իր ազգը։ Հայ եկեղեցին մի լավ աղոթք ունի, հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։ Կարծես Մոնթեի մասին է ասված»,- Պարգև Սրբազանը հերոսի այսպես է հիշում:
«Ես երդում տված եմ և կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ ... Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, որ վերջինը չի ըլլա...»,- ասում էր հրամանատարը:
Մոնթեի վերջին մարտը Աղդամի և Մարտունու շրջանների սահմանագծի բարձունքների համար էր: 1993 թվականին, այս օրը զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվեց ազատամարտիկ, գրող, գիտնական, ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը:
Այդ օրը Մոնթեի կինը` Սեդան, մասնակցում էր ընկերոջ հոգեհանգստին:
Մեկը հոգոց հանեց.
- Ամբողջ աշխարհը սուտ է:
- Ինձ համար` ո՛չ, - առարկեց Սեդան, - ես ունեմ Մոնթեին:
Երբ, սենյակ վերադառնալով, նա տեսավ իրեն սպասող Հարոյանին` գլխարկը թևի տակ դրած. նրա շունչը կտրվեց:
- Ո՞ւր է Մոնթեն, - հարցրեց նա:
- Նա վիրավորված է:
- Վիրավորվա՞ծ:
- Ծանր վիրավորված, գլխից:
Սեդայի կոպերն ընկան.
- Կարող եք ինձ ասել:
- Նա մեռած է:
Ճիշտ է, ծնունդով ամերիկացի էր, սակայն արյունով հայ էր ու իր ազգի հավատարիմ զինվոր։ Արցախի պաշտպանության ղեկավարությունը տեսնելով նրա խիզախությունները՝ 1992 թվի հունվարին Մոնթեին հանձնարարում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած ամենապատասխանատու և փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր, ուր մեկ անգամ ևս փայլեց Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը։
Ունենալով ընկալելու մեծ շնորհք ու հնարավորություն, նա ռազմի դաշտում աճում էր օրեցօր, եթե պետք էր, ուրեմն, պետք էր գնալ այդ խելահեղ քայլին, այն բանը, որը խելամիտ մարդը չպետք է անի, նա անում էր, որովհետև, եթե չաներ, չէր կարող։ Նրա մարտական ընկերները պատմում են, որ նա խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների և բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր խոչընդոտում էին իր ծրագրերը։
***
Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ և չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։
- Էլի խմո՞ւմ եք, – մոտենալով հավաքված զինվորներին՝ հարցնում է Ավոն։
- Դե, հրամանատար ջան, Ղարաբաղի թթի օղին աշխարհին է հայտնի։ Ամեն հաց ուտելուց մի բաժակ պետք է խմի ղարաբաղցին։ Միշտ էդպես է եղել. մեր պապերն էլ, պապերի պապերն էլ, երբ սեղան են նստել, թթի օղին անպակաս է եղել։
- Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել։ Ես անգամ պետք է խմենք վերջում ազգովի, ես ել ձեզ հետ միասին, - ասում է Ավոն:
***
Թալիշցի Սմբատը, որին Գուդուր էին ասում, կռվել է Մոնթեի հրամանատարությամբ գործող ջոկատում:
«Երբ թուրքերը անասուններն առաջ արած անցնում էին հարձակման, - պատմում է Սմբատը, - Մոնթեն միշտ մեզ նախազգուշացնում էր` «Ասոնք մեր պապերու հոտերն ու նախիրներն են, թող գան անցնեն` չկրակեք: Մենք ասոնց գողցողներում պիտի պատժենք»:
***
- Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք, - պատվիրում է Մոնթեն իր զինվորներին:
- Իսկ եթե իրենք կրակե՞ն, - հարցնում է մեկը:
- Մարերը լացացրեք, - լինում է պատասխանը:
***
Մի քանի զինվոր, քեֆները լավ Ավոյին տեսնելով, փորձում են ճանապարհը շեղել։ Ավոն, նկատելով նրանց, կանչում է ու ժպիտով հարցնում.
- Քեֆներդ մարխո՞շ է, հա՞։
Ապա շրջվելով կանչում է ուստա Սուրենին (ուստա Սուրենը տարիքն առած ղարաբաղցի էր, պահեստապետը։ Պատժվողներն իրենց պատիժը կրում էին նրա պահեստում)։
- Ուստա Սուրեն, ասոնց ձգե նկուղը, դուռն էլ ամուր կողպե։
Քիչ հետո սկսվում է թուրքերի հարձակումը։ Զգացվում է «կալանավորվածների» կարիքը։ Մոնթեն նորից ձայն է տալիս.
- Ուստա Սուրեն, նկուղի դուռը բաց։
Մարտից հետո, երբ վերադառնում են զորանոց, Մոնթեն կանչում է տղաներին և պատվիրում ուստա Սուրենին, որ հինգին էլ «պարգևատրի» մեկ տուփ ծխախոտով (այն օրերին օրը 6 հատիկ էր սահմանված), ապա ավելացնում է.
- Պարգևատրելեն ետքը նորեն ձգե նկուղը։
Տղաները ծիծաղելով ստանում են «պարգևը» և իջնում նկուղ։
Տեղեկությունները` monte-melkonyan.do.am կայքից:
Կարդացեք նաև`
«Ռազմական գործողությունների հանճարեղ մշակմամբ Մոնթեն կարողանում էր բեկումնային պահեր ստեղծել»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները