Թուրքիան շարունակում է երկակի խաղ խաղալ Վրաստանի հետ. Փորձագետ
Թուրք պատգամավորների՝ Աբխազիա կատարած այցի և պաշտոնական Թբիլիսիի Թուրքիային ուղղված բողոքի նոտայի առնչությամբ «Panorama.am»-ը զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի հետ:
- Ինչպե՞ս կմեկնաբանեք թուրք պատգամավորների Աբխազիա կատարած այցը, և ինչպիսի՞ն էր վրացական կողմի արձագանքն այդ այցելության հետ կապված:
-Նախ նշեմ, որ թուրքական կողմը աշխատանքներ էր տարել, որպեսզի այդ այցն ու դրան առնչվող մանրամասները գաղտնիության մեջ պահվեն, այդ իսկ պատճառով թուրքական ԶԼՄ-ները չեն անդրադարձել նշված իրադարձությանը, սակայն աբխազական լրատվամիջոցներն, ընդհակառակը, ակտիվորեն լուսաբանել են թուրք պատգամավորների այցն ու վերջիններիս հանդիպում-քննարկումներն այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նման քայլով պաշտոնական Անկարան, փաստորեն, հերթական «ապտակն է հասցնում» Վրաստանի իշխանություններին: Միևնույն ժամանակ վերոնշյալ այցը լուրջ դժգոհություն է առաջացրել Թբիլիսիում: Դեպքի առնչությամբ իր խիստ դիրքորոշումն է արտահայտել Վրաստանի արտգործնախարարությունն, ըստ որի՝ Թուրքիայից ետ է կանչվելու Վրաստանի դեսպանը, ով պետք է բացատրություն տա տեղի ունեցածի հետ կապված, իսկ մինչ այդ, վերջինս պետք է պարզի, թե ինչպես եղավ, որ Թուրքիայի խորհրդարանը, որն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, պատգամավորներ է ուղարկում Աբխազիա:
- Ինչո՞վ է պայմանավորված Անկարայի նման գործելաոճը. չէ՞ որ Վրաստանի և Թուրքիայի միջև առկա են բարիդրացիական հարաբերություններ:
-Անկարան, կարծես, փորձում է մանևրել, երկակի խաղ խաղալ Վրաստանի հետ՝ մի կողմից հայտնելով վրաստանանպաստ դիրքորոշում, իսկ մյուս կողմից չի ցանկանում հետ կանգնել Աբխազիայի նկատմամբ ունեցած նկրտումներից, ավելին՝ ջանքեր չի խնայում հաստատելու և ամրապնդելու կապերն այդ երկրի իշխանությունների հետ՝ դրանով իսկ ապահովագրելով թուրքական ներդրումների անձեռնմխելիությունն ու թուրքական ազդեցությունը մեծացնելուն ուղղված գործընթացը:
- Իսկ նման պարագայում ինչպիսի՞ն է Վրաստանի մոտեցումը:
-Այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունները, պաշտոնապես աջակցելով Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, չեն փորձում կանխել իրենց երկրի քաղաքացիների, մասնավորապես թուրք պաշտոնյաների պատվիրակությունների այցը Աբխազիա, որը Վրաստանը համարում է ՌԴ-ի կողմից «օկուպացված» տարածք, սկսել է լրջորեն անհանգստացնել վրացական իշխանություններին: Կարծում եմ՝ պաշտոնական Թբիլիսին լավատեղյակ է թուրքական պետության ձգտումներին, և պարզ է, որ անտարբերությունը նման պարագայում անընդունելի է, ուղղակի հասկանալի պատճառներով դեռ երկմտում է՝ կտրուկ քայլերի դիմելուց և փորձում է ցույց տալ Անկարային, որ վերջինս սկսում է դրսևորել երկու երկրների միջև առկա գործընկերային բարձր մակարդակի հարաբերություններին ոչ վայել գործելաոճ:
- Արձագանքել է արդյո՞ք թուրքական կողմը պաշտոնական Թբիլիսիի բողոքի նոտային:
-ԱԳՆ հրավիրված Թուրքիայի դեսպանը հերթական անգամ փորձել է վրացի դիվանագետներին հավաստիացնել, որ Անկարան չի փոխել իր դիրքորոշումը, և շարունակում է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, սակայն վերջինս դժվարացել է հստակ բացատրություն տալ թուրք օրենսդիրների Աբխազիա կատարած այցի հետ կապված: Ի դեպ, բոլորովին վերջերս նույնանման խնդիր էր առաջացել թուրք լրագրողների ավելի քան 80 հոգանոց պատվիրակության Աբխազիա կատարած այցի կապակցությամբ, որից հետո ևս թուրք դիվանագետը հանդես էր եկել նույն մեկնաբանությամբ:
- Ձեր կարծիքով Թուրքիան այսուհետ ևս կշարունակի՞ առաջնորդվել նույն քաղաքականությամբ
-Կարծում եմ՝ այո, սակայն, չի կարելի բացառել, որ նմանատիպ դեպքերը հնարավոր է հանգեցնեն վրաց-թուրքական հարաբերությունների որոշակի լարման, ինչին կարող են նպաստել նաև վերջին ժամանակներում վրաց հասարակության շրջանում արմատավորվող հակաթուրքական տրամադրությունները, հատկապես կապված Աջարիայում թուրքական ազդեցության մեծացման հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում