Մելիա. Ադրբեջանում անշեղորեն վատթարացել է քաղաքացիական ազատությունների շուրջ տիրող իրավիճակը
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում ստեղծված իրավիճակի շուրջ տեղի են ունեցել հատուկ լսումներ: Լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմաս Մելիան: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքը:
Ստորև ներկայացնում ենք նրա հայտարարությունը՝ որոշ կրճատումներով.
«Ավելի լայն առումով, մենք ականատես ենք եղել հիմնարար իրավունքների հարցում աճող ճնշումներին, որոնք մեծացնում են ներքին անկայունության վտանգը, նվազեցնում օրենքի գերակայության հարցում վստահությունը:
Վերջին 5 տարում Ադրբեջանում անշեղորեն վատթարացել և շարունակում է վատթարանալ քաղաքացիական ազատությունների շուրջ տիրող իրավիճակը: Արդեն 2009 թվականին ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցների, հատկապես ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների համար դժվար է եղել երկրի քաղաքական կյանքին մասնակցելը, սակայն ՀԿ-ների և անկախ ակտիվիստների համար դեռ եղել են գործելու ինչ-ինչ հնարավորություններ:
Դրանից հետո իրավիճակը կտրականապես վատթարացել է: Առանձին ակտիվիստների կողմից երկիրը լքելու հարցում առկա սահմանափակումները նույնպես խնդիր են, ինչը կասկածի տակ է դնում ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքների նկատմամբ Ադրբեջանի կառավարության հավատարիմ լինելը»:
Վերջինս նաև անդրադարձել է հայտնի լրագրող Լեյլա Յունուսի, նրա ամուսնու և Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալություններին:
«Երեքն էլ ժողովրդական դիվանագիտության հաստատակամ կողմնակիցներ են, ովքեր օգտակար կլինեն Ադրբեջանի և Հայաստանի միջև կապեր կառուցելու գործում: Նրանք վճռորոշ դերակատարություն ունեն նաև ԼՂ հակամարտության հարցում:
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը կհանգեցնի սահմանների բացման, կբարձրացնի անվտանգության մակարդակը և տարածաշրջանով մեկ նոր հնարավորություններ կստեղծի առևտրի, ճամփորդության համար: Ադրբեջանի իշխանությունները նաև արգելել էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների որոշ ներկայացուցիչների երկիր այցելել կամ վերադառնալ:
Սրանք այն գործողությունները չեն, որ ԱՄՆ-ն կամ միջազգային հանրությունը ցանկանում են տեսնել իրենց գործընկերոջ կողմից, որը ԵԱՀԿ անդամ է և ԵԽ նախարարաների խորհրդի հանձնաժողովի նախագահ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում