Հանրապետական խմբակցության ղեկավարը չի արժևորում Կիսելյովին
«Ես Կիսելյովին դիտարկում եմ որպես անհատ, այլ ոչ թե պետության կամ իշխանության կողմից լիազորված մի անձնավորություն և լուրջ չեմ վերաբերում իրեն: Ես չեմ արժևորում Կիսելյովին և նրա հայտարարությունները», -այսօր խոհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի՝ Հայաստանի խորհրդարանում արած հայտարարություններին:
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները երբեք չեն ժխտել, որ երկրում օտար լեզուները պետք է ուսումնասիրել:
«Ռուսներն իրենք կարող են մեզ աջակցել, որ ռուսաց լեզվի մասով մեր ծրագրերը մենք առաջ տանենք: Մենք շահագրգռված ենք, որ մեր նոր սերունդը շատ լեզուների տիրապետի, որ մեր երկիրն ավելի ներկայանալի լինի դրսում: Իսկ ինչ մնում է նման խոսակցություններին, թե տաքսիստը չի կարողանում ռուսերեն խոսել, ես դրան ընդհանրապես լուրջ չեմ վերաբերում և նշանակություն չեմ տալիս», -հավելեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Նա շտապեց նշել, որ ինքը բացակա է եղել խորհրդարանում Կիսելյովի հետ հանդիպմանը, հակառակ դեպքում ինքը պատասխան անպայման կհնչեցներ:
Լրագրողներից մեկը Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք անհատի համար չափազանց ճոխ ընդունելություն չէր կազմակերպվել Հայաստանի Ազգային ժողովում, բանախոսը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ընդունելությունն այդքան մեծ է եղել, պարզապես ԱԺ փոխնախագահն ի պաշտոնե, քանի որ հայ-ռուսական հանձնաժողովի նախագահն է, ընդունեց: Նաև փոխնախագահն իր շատ դիպուկ կարծիքը հայտնեց ԱԺ նիստում: Իսկ ընդհանրապես հյուրընկալությունը լավ բան է: Իհարկե, նման ճոխություններ, որը դուք եք ասում, ես չեմ նկատել, որ ճոխ են դիմավորել»:
Հիշեցնենք` խորհրդարանի «Ռուսական գրքի գրադարանում» հունիսի 11-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել էր, եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա և Հայաստանի անվտանգությունը կտուժի: Բացի այդ նա պահանջել էր Հայաստանում ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել լեզվի մասին օրենքը, քանի որ ռուսաց լեզուն, ըստ նրա, Հայաստանում նահանջ է ապրում:
Նշենք նաև, որ այդ հանդիպմանը պատգամավորներից ներկայացված են եղել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և Հանրապետական խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հայկ Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը:
Նկատենք, որ «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին ընդունել էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ի դեպ, Կիսելյովը ԱԺ շենք էր եկել «Համմեր»-ով, որը կայանել էր հենց ԱԺ աստիճանների մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան