Հրանուշ Խառատյան. Մենք դադարել ենք մտրակի հարվածներին ադեկվատ արձագանքել
Թանկացումները Հայաստանում դարձել են անընդհատ՝ գազը, ջուրը, հոսանքը, տրանսպորտը, հացը, երշիկը… Հայաստանի սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը հաշվարկել է, որ վերջին երեք տարվա ընթացքում աղաղակող թանկացումներ են եղել՝ մոտ 11 տոկոս, որից առաջին անհրաժեշտության ապրանքներն ու ծառայությունները՝ 14 տոկոս:
«Հայաստանում ընտանեկան բյուջեի 65 տոկոսը ծախսվում է սննդի, մոտ 30 տոկոսը՝ ծառայությունների վրա: Էլ ապրելու համար, երեխուն գիրք առնելու համար փող որտեղի՞ց մնա: Ցանկացած թանկացում առանձին վերցրած մեծ ազդեցություն չի ունենում, սակայն երբ վերցնում ես մեծ ինտերվալով, աղաղակող վիճակ է ստեղծվում»,-Panorama.am-ին ասաց Ա. Պողոսյանը:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հասարակության հանգիստ արձագանքին, ապա Պողոսյանը կարծում է, որ մամուլն և հասարակական կառույցներն իրենց դերը լավ չեն կատարում:
«Եվ մի բան էլ՝ մեր ժողովուրդը շատ հանդուրժող է ու համակերպվող: Փաստը դա է ցույց տալիս, օրինակ արևմուտքում նման թանկացման դեպքում լինում է հասարակական մեծ ընդվզում, և դա տրամաբանական է ու օրինական»,-ասաց Պողոսյանը:
Նրա խոսքով, նախ պետք է պահանջել էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրը քննարկելու համար հասարակական լսումներ անցկացնել, ապա դուրս գալ բողոքի ցույցերի:
Panorama.am-ի հետ զրույցում քաղաքացիների նման արձագանքը ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսպես է բացատրում. «Երբ մարդուն մտրակով խփում են հիսուն անգամ, մարդն առաջին 10-15 հարվածներից գոռում է, հետո դադարում է արձագանքել այդ հարվածներին: Մեր հասարակությունը ամենօրյա ու ամենժամյա պրեսսինգի տակ է՝ կուտակային է, Միկոյանի արձան, գների բարձրացում... Մարդիկ գոռում են, գոռում են, գոռում են, հասարակությունը չի կարող շարունակ միայն գոռալ, սա այն ծայրահեղ վիճակն է, երբ մարդիկ ոչ մի բանի այլևս կարող են չարձագանքել, ուզում է 100 տոկոսով բարձրացնեն, դա էլ մարդկանց կյանքում ոչինչ չի փոխում, միևնույն է՝ չեն կարող վճարել: Ես կարծում եմ, որ մենք դադարել ենք մտրակի հարվածներին ադեկվատ արձագանքել»:
Հ. Խառատյանի խոսքով, տիրող անսահման ցինիզմի դեմ կա միայն մի ելք. «Պետք է գնաս, գլուխը տաս ջարդես, եթե ուժդ պատում է: Հիմա դա է մնացել, որովհետև գոռալը ոչինչ չի փոխում»:
Նախորդող հրապարակում՝
Վ. Խաչատրյան. Հոսանքի թանկացումը պետական վերահսկողության բացակայության հետևանք է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները