Արցախի և հայ-ադրբեջանական սահմանի վրա զինադադարի ռեժիմի խախտումներ. ԵԱՀԿ-ում անհանգստացած են
«Ավելի հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտումները Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի վրա, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում զորքերի շփման գծում, վկայում են այդ տարածաշրջանում բարձր լարվածության առկայության մասին, ինչն էլ վտանգի է ենթարկում նաև ԵԱՀԿ ներկայացուցիչների կյանքը»,-ըստ ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության հայտարարել վերոնշյալ կազմակերպության գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
«Յուրաքանչյուր մարդու մահը ողբերգություն է ոչ միայն իր ընտանիքի անդամների համար: Ես և իմ թիմը պարբերաբար ճակատային գծում մոնիթորինգներ ենք անցկացնում: Վերջին անգամ այդպիսի մոնիթորինգներ տեղի են ունեցել մայիսի 19-ին և հունիսի 10-ին: Այդ մոնիթորինգների զեկույցները համընկնում են այն պատկերի հետ, որը մենք տեսնում ենք տարածաշրջանում: Որպես կանոն, միջադեպերը տեղի են ունենում մի տեղում, իսկ դրանց արդյունքում առաջացած լարվածությունը տարածվում է ճակատի ամբողջ գծով»,-ասաց Կասպրշիկը:
Ըստ նրա, հրադադարի ռեժիմը, շնորհիվ կողմերի միջև ձեռքբերված համաձայնության և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքի, մնում է ուժի մեջ:
Նա նշել է, որ կողմերը պատասխանատու են հրադադարի ռեժիմի պահպանման և այն չխախտելու համար, իսկ հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրի պահպանումը կախված է զինված ուժերի ղեկավարներից:
«Հրադադարի ռեժիմի խախտման յուրաքանչյուր դեպք վկայում է համաձայնագիրը ավելի լավ կատարելու անհրաժեշտության մասին», -ասաց Կասպրշիկը:
Ըստ նրա, ԵԱՀԿ ղեկավարությունը, Մինսկի խմբի համանախագահները և անձամբ ինքը ջանքեր են գործադրում հրադադարի ռեժիմի պահպանման և շփման գծում միջադեպերի քանակը կրճատելու համար:
«Այս ուղղությամբ որոշակի առաջարկություններ են պատրաստվել և ներկայացվել քննարկման: Ռեժիմի պահպանման պատասխանատվությունը կրում են հենց կողմերը: Ես նաև անհանգստանում եմ իմ թիմի անդամների անվտանգության համար, քանի որ ուժեղ լարվածությունը վտանգի է ենթարկում նաև իմ թիմի անդամներին»,-ասաց Կասպրշիկը:
ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը, անցկացնելով վերջին տարիների վիճակագրության համեմատությունը, հիմնված կոնֆլիկտի կողմերի ռազմական կառույցների հաղորդագրությունների վրա, նշել է, որ այս տարի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և մարդկային զոհերի թիվը անցած տարվա համեմատությամբ ավելացել է:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: