Հասան Ռոհանի. Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչներն Իրաքի անվտանգությունը խաթարեն
«Հասան Ռոհանին և Նուրի ալ-Մալեքին քննարկել են Իրաքում ծավալվող ահաբերկչական գործողությունների հարցը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալեքիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, անդրադառնալով վերջին օրերին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողություններին, նշել է. «Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են Իրաքի ժողովրդի կողքին: Թեհրանը տարածաշրջանային և միջազգային մակարդակով իր ողջ ջանքերը կգործադրի և ահաբեկիչների հովանավորներին թույլ չի տա, որ նրանք, ներթափանցելով Իրաք, խաթարեն այդ երկրի անվտանգությունն ու կայունությունը»:
Իրաքի վարչապետը, շնորհակալություն հայտնելով Իրանի ցուցաբերած աջակցության համար, վստահեցրել է, որ Իրաքի բանակը շուտով երկիրը կմաքրի ահաբեկիչներից:
Նշենք, որ օրերս «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին Իրաքի Նայնավա նահանգը, Մոսուլ քաղաքը և առևանգել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակցիներին:
Իսկ նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո խոսնակ Ջեն Փսակին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրաքի կառավարական ուժերի և «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման միջև տեղի ունեցող մարտերին, նշել է, որ պաշտոնական Թեհրանը կարող է այս օրերին Իրաքում ծավալվող իրադարձություններում կառուցողական դեր ունենալ: