«Վայրի կենդանիներին անազատության մեջ պահելն օրինական չէ». Մեծահարուստների քմահաճույքը
Հայաստանում անազատության մեջ պահվող շատ վայրի կենդանիներ կան, ինչը հակաօրինական է, պնդում է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը:
«Ամեն մարդ իրեն իրավունք է վերապահում բացելու, չեմ ուզում ասել կենդանաբանական այգիներ, որջեր ու կենդանիներ պահել, այդ թվում՝ կարմիր գրքում գրանցված: Որպես կանոն, լուրջ մարդիկ են, մեծ գումարներ ունեցող»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Բնապահպանը նկատեց, որ Հայաստանը միացել է միջազգային կոնվենցիաների: Հատուկ թույտվություն պետք է ունենան նման կենդանիների պահելու համար և պետք է հատուկ պայմաններ ապահովեն: Թույլտվությունն էլ գիտական հիմնավորում պիտի ունենա, գիտնականները պիտի թույլ տան:
Սիլվա Ադամյանը կարծում է, որ օրենսդրական դաշտը թերի է. «Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքում կետ կա, ըստ որի անազատության մեջ պահված կենդանիներին կարելի է օգտագործել ուտելու համար: Ամբողջ աշխարհում փորձում են փակել և թույլ չտալ վայրի, էկզոտիկ կենդանիների մսով պատրաստված ուտեստի վաճառքով զբաղվող ռեստորանները: Մինչդեռ Հայաստանում կան ռեստորաններ, որոնց կից պահում են վայրի կենդանիներ: Մարդիկ գնացել են ռեստորան և ճաշացանկում տեսել են, որ արջի կամ վայրի վարազի մսով ուտեստ ունեն»:
Մյուս կողմից էլ վտանգ կա հենց մարդկանց համար. սիրողական մակարդակով, ոչ նորմալ պայմաններում պահվող կենդանիներից մարդկանց կարող են հիվանդություններ փոխանցվել:
Բնապահպանի խոսքով, կենդանիների անօրինական վաճառք ևս կա, օրինակ, սպիտակապոչ արծիվն ամբողջ աշխարհում արժե ութ հազար դոլար, իսկ այդ արծիվը Հայաստանում կա:
«Ես ականատես եմ եղել ինչպես կարմիր գրքային արծիվները ռեստորանի մոտ պահվում էին վանդակներում: Մենք ուղղակի բացեցինք վանդակը, արծիվները թռան, սկանդալ եղավ: Բայց կան վտանգավոր կենդանիներ, սա օրինակ չպետք է համարել: Սիսիանում էլ կա շատ մեծ ռեստորան, գազանանոց ունի, տերն էլ ազատամարտիկ է: Մենյուն էլ նայեք, կտեսնեք, որ վայրի կենդանիներով ուտեստ են վաճառում»,- ասաց նա:
Սիլվա Ադամյանը կոչ արեց Բնապահպանության նորանշանակ նախարարին, որ մշտադիտարկում անցկացնի և հասկանա ինչ է կատարվում, ովքեր են զբաղվում անօրինական բիզնեսով:
«Ոչ ոք իրավունք չունի կարմիր գրքում գրանցված կենդանուն պահել իր մասնավոր տարածքում, իր հաճույքի համար: Մենք ունենք կենդանաբանական այգի: Մենք պետք է լուրջ մոտենանք և օրենքում փոփոխություններ անենք»,- եզրափակեց բնապահպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում