Թուրքիայում սկսվել է Գեզի այգու ակցիայի մասնակիցների «սկանդալային» դատավարությունը
Թուրքիայում մեկնարկել է 2013 թվականի մայիսին Գեզի այգում կառուցապատման դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիների դատավարությունը: Այս մասին տեղեկացնում է euronews-ը:
Դատարանի առջև 26 մարդ է կանգնել, որոնց շարքերում են առավելապես մտավորականության ներկայացուցիչներ` գիտնականներ, ճարտարապետներ, ինժեներներ: Նրանց սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում` բողոքի ցույցեր հրահրելու համար:
Բողոքի ակցիայի մասնակից հինգ հազարի մարդկանցից ավելի քան 100-ի դեմ դատական գործ է հարուցված: Առաջադրված մեղադրանքները տարբեր են` սկսած հասարակական կարգի խախտումից ընդհուպ մինչև ահաբեկչություն:
«Սա բացարձակապես սկանդալային դատավարություն է, որը երբևէ չպետք է հասներ մինչև դատարան: Խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց իրավունքը սահմանափակվել է դատարանի կողմից»,- նշել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության անդամ վերլուծաբան Անդրյու Գարդները:
Դատավարության վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումն են արտահայտել նաև տարբեր իրավապաշտպաններ: Վերջիններս թուրքական դատարանի կողմից հարուցված գործերը համարել են «շինծու»:
Գեզի այգու շուրջ բողոքի զանգվածային ցույցերը Ստամբուլում սկսվեցին նախորդ տարի մայիսին, երբ թուրքական կառավարությունը որոշում կայացրեց քանդել Գեզի այգին և այդ վայրում առևտրի համալիր կառուցել: Բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ թուրքական ոստիկանության կողմից կիրառվեց անհամաչափ ուժ` արցունքաբեր գազ և մահակներ, գրանցվեց ավելի քան 5 զոհ, հազարավոր վիրավորներ ու ձերբակալվածներ: Իրավիճակը լարվելով վերաճեց վարչապետի Էրդողանի կառավարության կողմից իրականացվող քաղաքականության դեմ բողոքի համազգային ցույցի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում