Արցախում տեղացած ուժեղ անձրևներն ու կարկուտը վնասել են գյուղացիների բերքը
Վերջին օրերին Արցախում տեղացած ուժեղ անձրևներն ու կարկուտը վնասել են գյուղացիների բերքը. վնասի չափերը պարզվում են։
ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայության մամուլի ծառայությունից Karabakh-open.info-ին տեղեկացրել են, որ հունիսի 8-ին կարկուտ է տեղացել Մարտակերտի շրջանի Առաջաձոր, Ծմակահող, Շուշիի շրջանի Քարին տակ, Մարտունու շրջանի Սարգսաշեն, Գիշի, Ճարտար, Մսմնա, Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքների տարածքում մինչև 1.0 սմ տրամաչափի, իսկ ահա Մարտունու շրջանի Սոս, Քերթ, Հերհեր համայնքների տարածքում մոտ 2,0 սմ տրամաչափի։
Կարկուտ է տեղացել նաև հունիսի 11-ին. Ասկերանի շրջանի Լուսաձոր և Շահումյանի շրջանի Վերին շեն համայնքներում՝ մոտ 0.5 սմ տրամաչափի։ Հունիսի 12-ին կարկուտ է տեղացել Ստեփանակերտ քաղաքում՝ նույն տրամաչափի։
Հորդառատ անձրևներ և ուժեղ քամի է արձանագրվել հունիսի 11-ին և 12-ին՝ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքում և Ասկերան ու Շուշի քաղաքներում։