«Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը». Նոր ուսումնասիրություն՝ նորանոր բացահայտումներ
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը լույս է ընծայել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» աշխատության առաջին հատորը։ Նրանում համադրված են բնագրագիտական նոր և նորագույն հետազոտությունները, որոնց շնորհիվ ի հայտ են եկել բազմաթիվ ու բազմաբնույթ նոր երկեր։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Մատենադարանի մամուլի ծառայությունից:
Ուսումնասիրությունը հարցադրումների ու խնդիրների մի ամբողջ համակարգ է ներմուծում նարեկացիագիտության մեջ, որը մինչ այժմ ներկայանում էր միայն Գրիգոր Նարեկացու ստեղծագործությամբ։ Այս աշխատության մեջ բանաստեղծական արվեստի Նարեկյան դպրոցը բնորոշվում է զարգացման երեք փուլերով՝ կապված դպրոցի երեք նշանավոր ներկայացուցիչների՝ Խոսրով Անձևացու, Անանիա Նարեկացու և Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունների հետ։ Այս հրապարակման շնորհիվ գիտական շրջանառության մեջ են դրվում բացառիկ նշանակություն ունեցող բնագրեր, որոնք մեծապես հարստացնում են դպրոցի գրական ժառանգության պատկերը՝ հնարավորություն տալով պարբերացնել դպրոցի ձևավորման ու զարգացման պատմությունը։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Գրիգոր Նարեկացուն, որի գրական ժառանգությունը համալրվել է նոր գործերով, որոնք առանցքային նշանակություն ունեն նրա ստեղծագործության լուսաբանման համար։
Միջնադարյան հայ գրականության մեջ նոր դարագլուխը բացվում է մեծ բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացու ստեղծագործությամբ։ Գրիգոր Նարեկացին (951-1003) ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Նրա կյանքը փոքր հասակից կապված է Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի կոչումը։ Նրա ուսումնառությունը անցել է վանքի՝ 10-րդ դարում շատ հռչակված դպրոցում։ Յուրացնելով դպրոցի մատենադարանում գտնվող թարգմանական թե ինքնուրույն մեծ թվով կրոնափիլիսոփայական ձեռագիր գրականությունը, Նարեկացին ինքը հետագայում դառնում է դարի առաջավոր ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։
Նարեկացուց մնացել են բավական թվով գրվածքներ։ Հայ և համաշխարհային գրականության մեջ Նարեկացին հռչակվել է շատ ավելի իր «Մատյան ողբերգության» հանճարեղ պոեմով: